Ս. Մինասյան. Աբխազիայի երկաթգծի գործարկման հարցում «եզակի իրավիճակ» է ստեղծվել
«Վրաստանի Պնախարար Ի. Ալասանիայի` Հայաստան կատարած այցը կարևոր էր Վրաստանի հետ ռազմական համագործակցության, ռազմական տրանզիտի խնդիրները շոշափելու առումով, բայց դրա հետ մեկտեղ, Ալասանիան, լինելով Վրաստանի նոր իշխանությունների բավականին ազդեցիկ ներկայացուցիչ, կարծում եմ, հայկական կողմի հետ քննարկել է տարածաշրջանային այլ խնդիրներ` այդ թվում Աբխազիայի երկաթգծի հնարավոր վերականգնման հարցը»,- այսօր, անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին և Վրաստանի Պնախարար Իրակլի Ալասանիայի` օրերս ՀՀ կատարած այցին, ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ քննարկումների այդպիսի շրջանակների մասին են վկայում Ալասանիայի այցից հետո արված որոշ մեկնաբանություններ:
Քաղաքագետը հնարավոր համարեց նաև այսօր երկկողմ կամ եռակողմ հանդիպումներն ու կոնսուլտացիաները ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ Մոսկվայում գտնվող` Աբխազիայի ղեկավարության միջև:
«Կարծում եմ կքննարկվի նաև Եվրասիական միության հետ կապված խնդիրները: Եթե լինեն պայմանավորվածություններ դրանք կապված կլինեն Մաքսային միության հետ: Հասկանալի է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ձևաչափը պետք է հաշվի առնի Հայաստանի բավականին սպեցիֆիկ աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը, երբ Հայաստանը չունի ուղղակի ցամաքային մաքսային սահման Ռուսաստանի և Մաքսային միության հնարավոր այլ երկրների հետ»:
Ս. Մինասյանը այդուհանդերձ հավելեց, որ Աբխազիայի երկաթգծի վերագործարկման հավանականությունը բավականին փոքր է, բայց, նրա խոսքերով, այժմ ստեղծվել է «եզակի մի իրավիճակ, երբ 20 տարվա ընթացքում վրացական կողմն այդ հարցի հետ կապված իր դիրքորոշումը ինչ-որ չափով փոխել է և ավելի պատրաստակամորեն է նայում այդ խնդրին»: