Թուրքիայի մեջլիսին կոչ է արվել տղամարդկանց հասարակաց տուն բացել
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող թուրքական «ŞEFKAT-DER» կազմակերպությունը հանդես է եկել հերթական արտասովոր նախաձեռնությամբ: Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, այս անգամ «ŞEFKAT-DER»-ը պայքարի է դուրս եկել բոլոր նրանց դեմ, ովքեր Թուրքիայի հասարակաց տներում կանանց ստրուկի պես շահագործում են:
Այս կազմակերպությունը դիմել է Թուրքիայի ազգային մեծ ժողով «ԹԱՄԺ-TBMM» տղամարդկանց հասարակաց տուն բացելու առաջարկով: Դիմում-առաջարկի կրկնօրինակներն ուղարկվել են նաև ներքին գործերի նախարարություն, սոցիալական ապահովության նախարարություն և մի քանի այլ պետական գերատեսչություններ ևս: «ŞEFKAT-DER»-ի նախագահ Հայրեթթին Բուլանը տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են մարտի 17-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այդ կապակցությամբ միջոցառում անցկացնել:
Բուլանը հիշեցրել է, թե ինչպես են պետական չինովնիկները բազմիցս հայտարարում, որ եթե հասարակաց տները փակվեն, ապա տարբեր խնդիրներ կծագեն, կհաճախակիանան բռնաբարության դեպքերը և այլն:
«Փոխարենը մինչև հիմա չենք լսել մի հայտարարություն կանանց ազատականացման, նրանց սոցիալական իրավունքների ճանաչման, անհրաժեշտության մասին: Հայտարարություն, հասարակաց տների գործունեությունը որպես հանցանք որակելու մասին: Պատճառաբանում են, թե դրանք պետք են, տղամարդիկ ունեն դրանց կարիքը: Այդ դեպքում ի°նչ է, կանայք չունե°ն նման կարիք: Դե եթե կանանց ստրուկի պես աշխատացնելը հասարակաց տներում նորմալ է դիտվում, այդ դեպքում տղամադրկանց հասարակաց տներ էլ բացեք, որտեղ նրանց կշահագործեն տրուկի նման»,- ասել է Հայրեթթին Բուլանը: