Ն.Զոհրաբյանը վրդովվել է. Ցավում եմ, որ պատգամավորներն ընկել են նավթադոլարային և խավիարային քարոզչության ազդեցության տակ
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան և ՉՀ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքն է հայտնել փետրվարի 7-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ.
«Ցավում եմ, որ Չեխիայի խորհրդարանի այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել այս անհեթեթությանը, ուղղակիորեն ընկել են թուրքաադրբեջանական նավթադոլարային և խավիարային քարոզչության ազդեցության տակ»,- մասնավորապես ասել է հանձնաժողովի նախագահը:
ԲՀԿ-ական պատգամավորը խորհուրդ է տվել Խոջալուին առնչվող դեպքերում առնվազն խորհրդակցել չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ, ով կարող է օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել կատարվածի իրական կազմակերպիչների և պատասխանատուների մասին:
Նա նաև նշել է, որ հասկանալի է` Չեխիա ներկրվող նավթի 25 տոկոսը Ադրբեջանից է, և Չեխիան Ադրբեջանի հետ կապված ունի որոշակի էներգետիկ շահեր: Այնուամենայնիվ, Ն.Զոհրաբյանի խոսքով, «եթե ցանկանում ենք իրապես ունենալ եվրոպական ընտանիք, ապա պետք է ուղղակիորեն թույլ չտալ, որ նման խայտառակ բանաձևեր ընդունվեն Եվրամիության անդամ երկրի խորհրդարանում»:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրին: Տիկին Զոհրաբյանը նշել է, որ շատ կարևոր է, որ Եվրամիության վերաբերմունքը հարավկովկասյան երկրների հանդեպ չլինի որպես մեկ միավորի, այլ յուրաքանչյուր երկրի առաջընթացը գնահատվի առանձին: Այս առումով նա կարևորեց աշնանը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը՝ նշելով, որ բավականին առաջընթաց արձանագրվել է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում, սակայն որպես եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իր համար շատ կարևոր է, որ Եվրամիությունը դրական ներգործություն ունենա Հայաստանում հետևողականորեն բարեփոխումներ իրականացնելու գործում: