«Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»… Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
«Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է»,- անվանի բանաստեղծ Պարույր Սևակն ասել է մեկ այլ տաղանդավորի մասին՝ Եղիշե Չարենց:
Այսօր Ե. Չարենցի ծննդյան օրն է: Նշենք, որ Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի գրողների միությունը կազմակերպելու է է միջոցառում:
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):
1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը: Չարենցը փրկվում է հրաշքով, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:
Կենսագրական տվյալները՝ http://www.charenc.ru կայքի: