Անչափահասները ենթարկվում են խոշտանգումների. «Ինձ ոստիկանությունում ծեծել են, եղունգներս դրել դռան տակ…»
«Ինձ ծեծել են, եղունգներս դրել են դռան տակ ու խփել, ոտներիս դուբինկայով խփել են, պիստալետը գլխիս են պահել», «Ինձ ոստիկանությունում ծեծել են, կանգնացրել են, ջուր չեն տվել, երեք օր հաց չեն տվել, երկու օր զուգարան չեն թողել», «Մեկ ամբողջ օր ինձ քննիչի սենյակից տարել են մեկ այլ սենյակ, որտեղ ինձ ծեծել են օպերլիազորները, հետո` վերադարձրել են քննիչի սենյակ: Դա մի քանի անգամ կրկնվել է: Ուզում էին, որ արձանագրությունը ստորագրեմ».... Այս խոստովանությունները բերված են «Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների» ուսումնասիրությունում` անչափահասների արդարադատության համատեքստում: Վերջինս իրականացվել է UNICEF-ի և Եվրամիության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Միջազգային Բանտային բարեփոխումներ կազմակերպության հետ համագործակցությամբ:
Ուսումնասիրության շրջանակում հարցազրույցին մասնակցել է 86 անչափահաս, որոնցից 77 տոկոսը (66 անչափահաս) նախկինում առնչվել է ոստիկանության հետ: Ոստիկանության հետ առնչություն ունեցած անչափահասների գրեթե կեսը` 45 տոկոսը, չի կարողացել ասել, թե ով է իրեն ձերբակալել կամ բերման ենթարկել: Հարցազրույցներից պարզ է դառնում, որ վատ վերաբերմունքի առավել տարածված ձևերն են ծեծը և ֆիզիկական ներգործությունը, որ կիրառվում է ոստիկանության կողմից խոստովանություն կորզելու նպատակով:
Ներկայացնելով ուսումնասիրության մանրամասները, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հկ նախագահ Արման Դանիելյանն ասաց, որ բացի նրանից, որ մտահոգիչ են տվյալներն այն մասին, որ ՀՀ-ում անչափահասները ենթարկվում են խոշտանգումների, բռնության և այլն, ոչ պակաս մտահոգիչ է նաև մեր հասարակության մոտեցումը այս խնդրին, քանի որ շատ դեպքերում հասարակությունը գերադասում է չիմանալ խոշտանգումների ու առկա այլ արատավոր երևույթների մասին: Կամ իմանալով` համարում դրանք նորմալ. «Դա վտանգավոր մոտեցում է, քանի որ երբ երեխան ընտանիքում է նման երևույթների ենթարկվում, ապա չգիտես ինչպիսի քաղաքացի նա կմեծանա, իսկ երբ դա արվում է ոստիկանությունում` վտանգը մեծ է, որ նա կչարանա»,- նշեց Ա.Դանիելյանը:
«Նման երևույթների մասշտաբը Հայաստանում փոքր է, բայց ամենևին էլ անկարևոր չէ: Ապացուցված է, որ եղել են դեպքեր, երբ անչափահասները ծեծվում են ու դաժան վերաբերմունքի զոհ դառնում: Որևէ երեխա չպետք է տուժի նման վերաբերմունքից»,- իր խոսքում հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ տիկին Հենրիետ Արենսը:
Նրա խոսքով, ուսումնասիրությունում ներկայացվում են առաջարկներ, որոնք միտված են օրենսդրական դաշտի բարելավմանը, ինչը կբացառի անչափահասների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը: Թեպետ նա ավելացրեց.
«Միայն օրենսդրությամբ ու քաղաքականությամբ չէ, որ երեխան պետք է զերծ մնա նման երևույթներից: Անհրաժեշտ են մի շարք գործողություններ` կանխարգելման ծրագրերի ներդրում, հոգեբանների, համայնքային կենտրոնների աշխատանքի կարևորում և այլն»,- նշեց Հ.Արենսը:
Ելույթ ունեցող իրավաբաններից մեկը ուշագրավ համարեց այն հանգամանքը, որ 2010-2012թթ-ին անչափահասների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու համար որևէ պաշտոնատար անձ չի դատապարտվել համապատասխան հոդվածով ու պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ սա նշանակում է, որ այս ոլորտում առկա է անպատժելիության մթնոլորտը: Բացի այս, անչափահասները խուսափում են խոսել դաժան վերաբերմունքի մասին, քանի որ առկա է վախի մթնոլորտը:
Նշենք, որ ուսումնասիրությունը իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կրիտիկական զանգվածի ընդգրկումը. Եվրոպական հանրության երկրներում խոշտանգման և դաժան վերաբերմունքի դեմ Անչափահասների արդարադատության համակարգի բարեփոխումների ամբողջացում» 3.5 տարվա ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Տաջիկստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում