ՍԴ-ում Դավիթ Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, և նա միջնորդություն ներկայացրեց
Այսօր Սահմանադրական դատարանում թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած դիմումների քննության ժամանակ գործով որպես երրորդ կողմ ներգրավված թեկնածու Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ձեռնպահ մնաց բացատրություններ ներկայացնելուց և ասաց, որ կպատասխանի հարցերին, եթե դրանք կան:
Ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում Սերժ Թանկյանին ուղղված նամակում Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե ինքն է կազմակերպել նախագահի ընտրությունները:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ իր գնահատմամբ կազմակերպել ասելով Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված և իրեն վերապահված իրավունքներ ու պարտականություններ: «Նա ունի օրենքով նախատեսված պարտականություն, որպես Հանրապետության նախագահ: Բանն այն է, որ ընրությունները Հայաստանում կազմակերպում են եռաստիճան համակարգ, որում ընդգրկում է ԿԸՀ-ն, իսկ Հանրապետության նախագահը ունի օրենքով նախատեսված պարտականություններ երբ ձևավորվում է ԿԸՀ-ն», -ներկայացրեց Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչը:
Իսկ ինչ վերաբերում է բուն ընտրությունների կազմակերպման հարցում Սերժ Սարգսյանի դերակատարությանը, ապա ըստ Հարությունյանի, նա, որպես Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության ղեկավար, ուներ իրավունքներ և պարտականություններ, մասնավորապես տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու հարցում: «Այդ առումով կուսակցությունը կատարել է իր պարտականությունը հարյուր տոկոսով` նշանակելով հանձնաժողովի մեկական անդամ», -հավելեց Դավիթ Հարությունյանը:
Որպես նախագահի թեկնածու ևս, Հարությունյանի ներկայացմամբ, Սերժ Սարգսյանը ունի իրավունքներ ու պարտականություններ և դրանցից մեկը վստահված անձանց նշանակելն է, որոնք ԸՕ-ով օժտված են ընտրությունների ընթացքում համապատասխան իրավունքներով ու պարտականություններով: «Ես կարծում եմ ասելով «կազմակերպել եմ» Սերժ Սարգսյանը ի նկատի է ունեցել այս բոլոր առումներով իր մասնակցությունը», -հարցի պատասխանն ավարտեց Դավիթ Հարությունյանը:
Անդրիաս Ղուկասյանին ակնհայտորեն չբավարարեց պատասխանը, և նա նկատեց, որ հարցի պատասխաննից իրեն հայտնի դարձավ, որ Դավիթ Հարությունյանին հայտնի չէ, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը` ասելով «կազմակերպել եմ»:
«Ես չեմ կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, կարող եք հարցն ուղղել իրեն, ես այդ հարցի առնչությամբ ներկայացրել եմ իմ գնահատականը», -նկատեց Հարությունյանը: Շարունակելով թեման Անդրիաս Ղուկասյանը ասաց. «Սակայն դա չի հանդիսանում որպես ապացույց ըստ համապատասխան օրենքի»:
Ղուկասյանի այս հայտարարությունից հետո Դավիթ Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, և նա դիմելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ասաց. «Ես ներողություն եմ խնդրում, բայց միջնորդություն ունեմ դատարանին` իրավական դասեր կազմակերպել, թե ինչն է հանդիսանում ապացույց և ինչը չի հանդիսանում ապացույց: Հակառակ պարագայում ես շատ առիթ կունենամ միջամտել ու բացատրություն տալ»:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դրանից հետո ստիպված եղավ միջամտել ու զգուշացրեց կողմերին. «Կողմին Սահմանադրական դատարանում ներկայացնողը ինքը չի ներկայանում, կողմին ներկայացնում է որպես լիազոր ներկայացուցիչ: Կխնդրեի պատասխանները որպես կողմի լիազոր ներկայացուցիչ: Հարցեր տալու ժամանակ աշխատեք դրանք տալ առանց մեկնաբանությունների»: