«Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է». Թավրիզի ֆուտբոլային թիմի երկրպագուների կարգախոսներից
«Ազարբայջանը (Ատրպատական) Իրանի անքակտելի մասն է»: Իրանական «Ղանուն» օրաթերթի հաղորդմամբ՝ Թեհրանի «Էսթեղլալ» և Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ նման բովանդակությամբ պաստառներ են պարզել Թավրիզի թիմի երկրպագուները:
«Ղանուն» օրաթերթի լրագրողը, մեկնաբանելով վերոնշյալ փաստ, գրում է. «Այսօր ամենաարժանի մարդիկ հենց Թավրիզի թիմի այդ երկրպագուներն են, ովքեր հակառակ հայրենիքը վաճառած որոշ խմբավորումներին, Իրանի միասնականությունը խորհրդանշող պաստառ էին պարզել»:
Ըստ «ջավանօնլայն.իռ» կայքի՝ օրերս Թավրիզի «Թրաքթորսազի» և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-ջազիրա» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ մի խումբ մարդիկ անջատողական բովանդակությամբ պաստառ էին բարձրացրել, որի վրա գրված է եղել «Ազարբայջանը Իրան չէ» նախադասությունը:
Նկատենք, որ պարսկալեզու «գյունազ.թիվի» կայքի հաղորդմամբ՝ «Էսթեղլալ»-«Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ, երբ «Էսթեղլալ»-ն առաջ է անցել հաշվում, վերջինիս երկրպագուներն ուրախությունից ծածանել էին Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:
Նախորդող տեղեկատվություն՝
Թեհրանի «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմի երկրպագուները ուրախությունից ծածանել են Հայաստանի եռագույնը
Իրանական կայք. Թավրիզը պատկանել, պատկանում և պատկանելու է Իրանին
Իրանցի գեներալ. Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմի ծախսերի 60 տոկոսը ԻՀՊԿ-ն է կատարում