Գ. Մինասյան. Ր. Հովհաննիսյանը պետք է իրատեսական ծրագրեր առաջ քաշի
«Այս նախագահական ընտրություններն իրենց նախընտրական փուլում առանձնանում էին նրանով, որ ընտրություններից հետո երկրորդ տեղը գրաված թեկնածուն և իր քաղաքական ուժը մեր քաղաքական դաշտում ընդգծված լիդեր չէր: Սա էապես պայմանավորում է այն զարգացումները, որոնց մենք ականատես ենք հետընտրական զարգացումների այս փուլում»,- այսօր, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Շարունակելով մեկնաբանել ներքաղաքական գործընթացները, բանախոսը նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ բավական մեծ թվով ձայներ: Հետընտրական զարգացումներում շատ բան կախված էր այդ քաղաքական գործչի աշխարհաքաղաքական ընկալումներից, ինչպես նաև հասարակության զարգացման շրջանակներում տեղի ունեցող գործընթացների ընկալումներից»:
Նա նաև հավելեց, որ 2008 թվականի հետընտրական զարգացումների դասը ևս կարևոր նշանակություն է ունեցել այսօրվա հետընտրական զարգացումների վրա:
Այնուհետև, անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի գործողություններին, խորհրդարանականն ասաց. «Շատ հաճախ «Ժառանգության» ղեկավարի քայլերը, նրա հեռանկարային հայտարարությունները ոչ ընկալելի են ոչ միայն լայն շրջանի քաղաքական գործիչների համար, այլև հաճախ իր քաղաքական թիմի ներկայացուցիչների համար»:
Պատասխանելով հարցին, թե` տարբերակ տեսնո՞ւմ եք, որ Ս. Սարգսյանն այցելի Ազատության հրապարակ, բանախոսը նշեց, որ թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ դառնալու խնդիրը հեշտ չի լուծել և դրա համար պետք է դնել և իրացնել իրատեսական ծրագրեր. «Շատ ավելի հեշտ է հռչակել ծրագրեր, որոնք ականջ շոյող են, սակայն իրականացման որևէ հեռանկար չունեն: Այդպիսի մի քանի ծրագիր Ր. Հովհաննիսյանն առաջարկեց հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ: Ես կարծում եմ, որ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը հավակնում է դառնալ թիվ մեկը ընդդիմադիր դաշտում, պետք է իսկապես իրատեսական ծրագրեր առաջարկի»: