Հենրիխ Մխիթարյան. «Չեմպիոնների լիգան մեզ համար մեծ քննություն է»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սպորտ-Էքսպրեսին» տված հարցազրույցում ամփոփել է Չեմպիոնների լիգայի մրցաշարին իր թիմի մասնակցության արդյունքները:
- Հիմա, երբ Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի մրցակցության կրքերը հանդարտվել են, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք «Շախտյորի» մասնակցությունը հեղինակավոր այդ մրցաշարին:
- Երևի թե լրագրողների համար դա ավելի տեսանելի է. մենք խաղում էինք, իսկ դուք դիտում էիք կողքից: Մեր թիմը կենտրոնացած էր արդյունքի վրա, իսկ խմբային փուլում դա մեզ մոտ ստացվեց: Դորտմունդում, ինչպես երևում է, չկարողացանք ճիշտ կատարել մարզչի հանձնարարություններն ու չցուցադրեցինք այն ամենը, ինչին ունակ ենք: Այս հարցում երևի թե վատ ազդեցություն ունեցավ այն հանգամանքը, որ 3 ամիս շարունակ ոչ մի պաշտոնական հանդիպում չէինք անցկացրել, ինչի հետևանքով խաղային ռիթմի անկում էր տեղի ունեցել:
- Կարո՞ղ ենք ասել, որ ձեր թիմը Չեմպիոնների լիգային հրաժեշտ էր տվել «Բորուսիայի» հետ կայացած առաջին խաղից հետո, քանի որ 2:2 արդյունքն ավելի շատ նրանց օգտին էր:
- Համաձայն չեմ: Նույնիսկ այն ժամանակ, երբ պարտվում էինք 0:2 հաշվով, միևնույն է, հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններ ունեինք: Հատկապես 2-րդ խաղակեսում մրցակցի դարպասը գրավելու բազում պահեր բաց թողեցինք: Եթե կարողանայինք խփել 2 գնդակ, ապա մրցավարը ժամանակ կավելացներ կամ էլ հանդիպման ելքը կվճռվեր 11 մետրանոցների հարվածաշարով: Բայց երբ գերմանացիները նաև 3-րդ գոլը հեղինակեցին, արդեն բոլոր հույսերը մարեցին:
- Մեկնաբանելով այս խաղը` Միրչա Լուչեսկուն ասել է, որ ժամանակն է` թարմացնելու թիմը: Ըստ Ձեզ` ի՞նչ նկատի ուներ:
- Ավելի լավ է` այդ հարցը նրան ուղղեք: Նա է գլխավոր մարզիչն ու լավ գիտի, թե ինչ է ասում: Հնարավոր է` խոսքը նոր ձեռքբերումների կամ մարզչական շտաբում փոփոխությունների մասին է: Ես, ինչպես և Դուք, այդ արտահայտության նշանակության մասին կարող ենք միայն ենթադրություններ անել:
- Ասում են, որ «Բորուսիան» ներկայումս եվրոպական լավագույն ակումբներից մեկն է: Համաձա՞յն եք:
- Գերմանական այս ակումբն իսկապես ուժեղ է: Պատահական չէ, որ խմբային փուլում «Բորուսիան» զբաղեցրեց առաջին տեղը` իրենից հետ թողնելով այնպիսի թիմերի, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Եթե «Բորուսիան» շարունակի խաղալ նույն ոգով, ապա լավ հնարավորություններ կունենա` հանդես գալու Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
- 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունից առաջ «Շախտյորի» ֆուտբոլիստներն ասում էին, որ այս փուլում չէին ցանկանա հանդես գալ «Բարսելոնի» հետ: Երևի թե Դորտմունդի թիմի հետ խաղերից հետո կնախընտրեիք, որ Ձեր մրցակիցը լիներ «Բարսելոնը»:
- Ինձ համար ոչ մի նշանակություն չուներ, թե որ թիմի հետ կխաղանք: Եվ «Բարսելոնը», և «Բորուսիան» լուրջ մրցակիցներ են և իրենց խմբերում վստահաբար զբաղեցրել են առաջին տեղերը: Չնայած այն հանգամանքին, որ վերջին խաղերում իսպանացիներն այնքան էլ հաջող չեն գործում, միևնույն է, «Բարսելոնը» մնում է «Բարսելոն», և այդ հարցում վիճելն անիմաստ է:
- Ներքին առաջնությունում արդեն ապահովե՞լ եք ոսկե մեդալ:
- Առջևում դեռ 10 տուր կա, և միավորների առավելությունը մրցակիցների նկատմամբ դեռ ոչինչ չի նշանակում: Պետք է փորձենք հաղթել նաև մնացած բոլոր խաղերում, որպեսզի կարողանանք պահպանել առաջին տեղը և հաջորդ տարի միանգամից հանդես գալ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում, որը մեզ համար մի մեծ քննություն է:
- Կարո՞ղ եք գուշակել, թե Ուկրաինայի առաջնությունում որ թիմերը կգրավեն 2-րդ և 3-րդ տեղերը:
- Կարծում եմ` «Դինամոն», «Դնեպրն» ու «Մետալիստը» մինչև վերջ կպայքարեն: Տուրից տուր թիմերը փոխում են տեղերը: Ո՞վ կարող էր ենթադրել, որ սեփական հարկի տակ «Կրիվբասի» հետ ոչ-ոքիից հետո դինամոյականները կհայտնվեն 4-րդ տեղում:
- Ի՞նչ կարծիք ունեք ԱՊՀ միասնական առաջնության անցկացման մասին:
- Ես դեմ չեմ: Հնարավոր է, որ շատ հետաքրքիր մրցաշար ստացվի…
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները