Արմեն Մարտիրոսյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին չի լսի
«Մեր երկրում մի հատված կա, որ չի ուզում ոչինչ հասկանալ»: Ազատության հրապարակում ընթացող ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Կա քաղաքական հացադուլ, որ պայքարի գործում խաղաղ միջոց է: Հացադուլ, որը փոխարինվեց Բաղրամյան 26-ի ուղղությամբ»,-ասաց Մարտիրոսյանը, նշելով, որ իրենց պայքարը հասել էր մի փուլի, երբ մարդիկ պահանջում էին արմատական փոփոխություններ:
Մարտիրոսյանի խոսքով, Հովհաննիսյանը հացադուլի որոշումը կայացրել է ոչ թե մեկ րոպեում, այլ ավելի վաղ: Նա համոզված է, որ իշխանությունները ցայտնոտի մեջ են հայտնվել, քաղաքական գործընթացները դուրս են եկել նրանց վերահսկողությունից ու լուծման ուղիներ են փնտրում:
«Շատ ճիշտ են անում, կա համապետական խնդիր, ճգնաժամ, որը պետք է լուծել»,-ասաց Մարտիրոսյանը, ապա հույս հայտնեց, որ գործող նախագահը չի լսի իր թիմակիցներին, քանի որ պատասխան են տալու ոչ թե թիմակիցները, այլ ինքը:
«Հույս ունեմ, որ այդ լուծումը երկար սպասեցնել չի տա, և երրորդ ու չորրորդ նախագահների հանդիպումից հետո լուծում կլինի»,-ասաց Մարտիրոսյանը, բացատրելով, որ պետք է լինի համապետական ու համակարգային լուծում, թե ինչպիսին կլինի, Մարտիրոսյանը ասաց, պետք է սպասել առաջարկներին: