Մահացել է Արամայիս Սահակյանը
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում 40 րոպե առաջ մահացել է գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախո Արամայիս Սահակյանը: Կլինիկայի տնօրեն Հայկ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գրողը միելոլեյկոզով էր հիվանդ: Ա. Սահակյանը, նրա տեղեկացմամբ, բուժվում էր հեմատոլոգիայի բաժանմունքում, սակայն մեկ շաբաթ է, քանի որ վիճակը վատացել էր, տեղափոխվել էր վերակենդանացման բաժանումք:
Արամայիս Սահակյանը ծնվել է 1936 թվականին: Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն է։
Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975) և այլն: Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։