Ավագանու ընտրություններին «Ժառանգության» հիմնական մրցակիցը կարող է լինել հենց ընդդիմությունը
Անդրադառնալով Հայաստանում հետընտրական գործընթացներին` «Голос Армении»-ն գրում է, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ մեկի համար անակնկալ չի լինի, քանի որ ընտրությունների արդյունքները վիճարկող հայցվորների փաստարկները ավելի քան թույլ են, և դա ընդունում են նույնիսկ ընդդիմադիր փորձագետները: Ըստ թերթի` հետընտրական գործընթացները խոսում են այն մասին, որ այսօր Հայաստանում բազմակուսակցական համակարգի ճգնաժամ կա:
«ГА»-ն մեջբերում է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի մեկնաբանությունն այն մասին, որ երկրում ժողովրդավարության մակարդակը ուղղակիորեն կախված է քաղաքական ակտորների որակից, այնինչ` ՀՀ նախագահի թեկնածուների մեծ մասն այս ընտրություններում գրեթե որևէ կապ չուներ գործող քաղաքականության հետ, իսկ խորհրդարանում ներկայացված կուսակցությունները ոչ միայն չցանկացան մասնակցել նախագահական ընտրություններին, այլև չսատարեցին մասնակից թեկնածուներից որևէ մեկին: Միևնույն ժամանակ, թերթը նկատում է, որ շուտով մեկնարկելու են Երևանի ավագանու ընտրությունները և Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն ամեն ինչ անելու է, որպեսզի այս ընտրություններին կարողանա իր ձեռքում պահել նախագահական ընտրություններին ձեռք բերած ընդդիմադիր լսարանի ձայները: Շատ հնարավոր է, որ Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» հիմնական մրցակիցը լինեն հենց իրենց ընդդիմադիր կոլեգաները, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է իր ցուցակով, իսկ ով ցանկանում է` կարող է պարզապես միանալ ԲՀԿ-ին: