Կառավարությունը ուսանողներին կտրամադրի մատչելի տոկոսադրույքներով ուսումնական վարկեր
Հանրապետության բուհերի ուսանողներին կտրամադրվեն մատչելի տոկոսադրույքներով ուսումնական վարկեր: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որի համաձայն՝ պահուստային ֆոնդից ֆինանսների նախարարությանը կհատկացվի 21.5 մլն դրամ:
Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ծրագրի հիմնական նպատակն է թեթևացնել պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի կարգով ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը և հարթեցնել ու ավելի գրավիչ դարձնել բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհը:
Ըստ Վ.Գաբրիելյանի՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր ուսանողի նախատեսված է տրամադրել մինչև 1 միլիոն 800 հազար դրամ վարկ` տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորելու է կառավարությունը, իսկ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար կառավարությունը կսուբսիդավորի 3 տոկոսը:
Նախարարի խոսքերով՝ վարկը տրամադրվելու է մինչև 10 տարի մարման ժամկետով, առաջին չորս տարվա ընթացքում մարվելու են միայն տոկոսադրույքները: Վարկային ծրագիրն իրականացնելու է «Բնակարան երիտասարդներին» դրամավարկային ունիվերսալ կազմակերպությունը:
Համաձայն կանխատեսումների գերազանցիկները կկազմեն ծրագրի վարկառուների մոտ 15%-ը, որի արդյունքում 2013 թվականին Ծրագրի շրջանակներում սուբսիդիաների տրամադրման համար անհրաժեշտ կլինի 4,500 հազ. դրամ` գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար, և 17,000 հազ. դրամ` Ծրագրի մասնակից մնացած ուսանողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա