Գագիկ Ջհանգիրյանը կհայտնվի դատարանում
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 15-ին նշանակված է «Մատաղիսի գործ»-ով արդարացվածների բողոքի քննությունը` ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել, տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին արդարացման վճռից անմիջապես հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով դատավճիռը, Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
«Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել», -նշված է հայցադիմումի մեջ:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը:
Նախորդող հրապարակում. Գ.Ջհանգիրյանը կարծիքը չի փոխել. Դրանք մարդասպաններ են, պետք է դատվեն
Է.Մարուքյան. Մարդասպանները նրանք չեն. ես չեմ կիսում պարոն Ջհանգիրյանի այդ կարծիքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին