Սիրիայի մեծ խաղի հաղթողները Իրանն ու Ռուսաստանն են. Հայացք Թեհրանից
Սիրիայի մեծ խաղի հաղթողները Իրանն ու Ռուսաստանն են:
Նման վերնագրով վերլուծական հոդված է հրապարակվել իրանական «ասիրիան.քոմ» կայքում:
Հոդվածի հեղինակը, մատնանշելով ՄԱԿ-ի հրապարակած տվյալները, նշում է, որ արդեն երկու տարի Սիրիայում շարունակվող բախումների հետևանով ավելի քան 70 հազար մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր քաղաքացիներ վիրավորվել են, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական:
Ներկայացնելով սիրիական ճգնաժամում ներգրավված ուժերին՝ հոդվածագիրը նշում է. «Սիրիայի մեծ խաղում ներքաշված ուժերին, կարող ենք փաստել, որ նրանք երկուսն են՝ մի կողմում կանգնած են Իրանը, Ռուսաստանը (իրենց դաշնակիցներ Իրաքի կառավարության ու «Հեզբոլլահի» հետ), իսկ մյուս կողմում՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը (արևմտյան դաշնակիցներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ միասին)»:
«Սիրիական ճգնաժամի անցած երկու տարիները ցույց տվեցին, որ այս մեծ խաղում հաղթողները նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակից հանդիսացող ուժերն էին, քանի որ նրանց հակառակորդները ոչ միայն չկարողացան Ասադին հեռացնել իշխանությունից, այլև հենց Սիրիայի իշխանության ներսում և ուժային կառույցներում որևէ էական երկպառակություն չառաջացավ»,-նշում է հոդվածի հեղինակը:
Շարունակելով թեման՝ իրանական աղբյուրը հավելում է. «Անցնող երկու տարվա ընթացքում Բաշար ալ-Ասադը ոչ միայն չկորցրեց իշխանությունը, այլև մոտ ապագայում ևս նրա պաշտոնանկությունը չի նշմարվում»:
Անդրադառնալով արտաքին միջամտության ճանապարհով սիրիական ճգնաժամի լուծման հավանականությանը՝ «ասիրիան»-ի մեկնաբանը նշում է. «Արևմուտքի՝ հատկապես ՆԱՏՕ-ի կողմից ռազմական հարձակում գործելու հավանականությունը հավասար է զրոյի: Բացի այդ, ԱՄՆ-ն և արևմտյան որոշ երկրներ Սիրիայի ընդդիմադիրներին զինելու գործընթացի շարունակման հարցը կասկածի տակ են դրել. այդ պատճառով է, որ ներկայում ընդդիմադիր խմբավորումներն առանց ծանր զինատեսակների դեմ առ դեմ կանգնած են Սիրիայի զինված բանակին դեմ հանդիման»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Բաշար ալ-Ասադը մնալու է իշխանության ղեկին
Սայիդ Ջալիլին՝ Բաշար ալ-Ասադին. Իրանը Սիրիայի ժողովրդին կաջակցի Իսրայելի դեմ պայքարում
Իրանը սիրիական ճգնաժամի հաղթահարման 6 կետանոց առաջարկության փաթեթ է ներկայացրել
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Սիրիայում ներկայություն չունի. Պարզաբանում է սիրիացի նախարարը
ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ. Բաշար ալ-Ասադը ճիշտ է ասում, Սիրիայի պատերազմը՝ դա Իրանի պատերազմն է