Zaman. Ռուսաստանն ուժեղացնում է Հայաստանի ապահովության զգացումը
Թուրքական «Զաման» օրաթերթի սյունակագիր Ֆիքրեթ Էրթանը հոդվածի թեմա է դարձրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցն ու հայ-ռուսական հարաբերությունները: «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առանձնահատուկ են» վերտառությամբ հոդվածում Էրթանը նկատել է տալիս, որ վերընտրվելուց հետո ՀՀ նախագահն իր առաջին այցը կատարել է Մոսկվա:
«Կողմերն ամեն պատեհ առիթի այս կամ այն կերպ ի ցույց են դնում երկու երկրների միջև եղած հարաբերությունների առանձնահատկությունը»,- նշում է հոդվածագիրը և հավելում, որ հայ-ռուսական բավականին սերտ հարաբերությունները նկատվում են գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական ու ռազմական: Սովետմիության փլուզումից հետո ռուսական կապիտալը շարունակաբար ամրապնդվել է Հայաստանում: Բացի սեփական ներդրումներ կատարելուց ռուսական ընկերությունները նաև համատեղ բիզնես են ծավալում հայկական ընկերությունների հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ռուսական կապիտալը մտադիր է ավելացնել իր ներդրումների ծավալը Հայաստանում: Հոդվածի հեղինակը նաև ընդգծում է այն հանգամանքը, որ այժմ Հայաստանում 1.400 ռուսական ընկերություն ընդհանուր առմամբ 3մլրդ դոլար ներդրում են կատարել, ինչը Հայաստանի փոքրիկ տնտեսության համար բավականին խոսուն թիվ է:
«Հայտնի է նաև հայ-ռուսական հարաբերությունների հատուկ լինելը ռազմական ոլորտում: Կարս-Իգդիր սահմանին մերձ գոտում տեղակայված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան, որը ներառում է 3 մոտոհրաձգային գունդ: Ցամաքային և ռազմաօդային լուրջ զինտեխնիկա ունեցող 5000 հոգանոց ռուսական զորակազմ կա այնտեղ»,- գրում է Էրթանը` հիշատակելով նաև պարբերաբար իրականացվող զորավարժությունների մասին:
Դատելով ըստ ամենայնի` թուրք վերլուծաբանը գալիս է եզրակացության, որ հայ-ռուսական հատուկ մերձ հարաբերությունները վստահաբար շարունակվելու և զորեղանալու են նաև հետագայում: Ըստ նրա` թիկունքում Ռուսաստանի զորակցության առկայությունն ավելացնելու է Հայաստանի ապահովության զգացումը դիվանագիտական և ռազմական հարթություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան