Կոնսենսուսը կայացավ. ԱԺ-ում կստեղծվի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծն ընդունվեց հանձնաժողովականների միջև կայացած կոնսենսուսի արդյունքում: Հարցը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ մեծ օրակարգ ու քառօրյա նիստերի օրակարգ:
Նախագծի հեղինակը ՀԱԿ խմբակցության անդամներն են և համահեղինակ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ որոշ փոփոխություններ նախագծում կատարվել են, մասնավորապես քաղաքական գնահատականներն են հեռացվել: Ըստ Ջհանգիրյանի, հանձնաժողովը ձևավորվելու է Էթիկայի հանձնաժողովի ձևավորման սկզբունքներով`ունենալու է յոթ անդամ` ՀՀԿ-ն` երկու անդամ, խորհրդարանում ընդդիմություն հայտարարած խմբակցությունները միասին` երեք, իսկ ԲՀԿ-ն մեկ անդամ: Այսինքն կոալիցիան ունենում է 3 անդամ:
Հանձնաժողովում ընդգրկվելու ցանկություն հայտնեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ինչի մասին Դավիթ Հարությունյանն ասաց, որ Հանրապետական խմբակցությունում այդ հարցը կքննարկվի և հետո միայն այդ մասին որոշում կընդունվի:
Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հիմնական զեկուցող նախագծի հեղինակներից Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքներ է ակնկալում հանձնաժողովի գործունեությունից: Ջհանգիրյանն ի պատասխան ասաց, որ ինքը հանձնաժողովի գործունեության դրական արդյունքների հարցում լավատես է ու հավելեց. «Ակնկալում եմ, որ այս հանձնաժողովի գործունեության արդյունքում կարող ենք տեղից շարժել ու նաև բացահայտել տասը սպանություններից առնվազն վեցի սպանության հանգամանքները»:
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե իրենց հաջողվի ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները տանել միայն իրավական ուղով, ապա մեծ հաջողություն կլինի: «Հասարակությունը այս հարցում մեզանից իրավականբ լուծումներ է սպասում և եթե հաջողվեց այս հանձնաժողովը տանել իրավական ճանապարհով, մենք մեծ գործ արած կլինենք: Սա ճշմարտությունը բացահայտող հանձնաժողով է լինելու», -հայտարարեց Հարությունյանը:
Հանձնաժողովը քաղաքական շահարկումներից ու քաղաքական բնույթի քննարկումներից զերծ պահելու կողմնակից էր նաև նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը: «Ես շատ եմ ուզում, որ հանձնաժողովը հեռու մնա լարված իրավիճակներից», -հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
Նախագծին կողմ էին նաև Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն խմբակցության անդամները:
Հանձնաժողովի նիստերը փակ են լինելու, բացառությամբ այն նիստերի, որոնց բաց լինելու մասին կորոշի նույն հանձնաժողովը: