«Ես երջանիկ մարդ եմ»… Հավերժ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
«Ծնվել եմ Մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: «Եթե մի այտդ ապտակում են, մյուսն էլ առաջարկիր» պատվիրանը համարում եմ սխալ: Սիրում եմ ծով, աշուն, Վինսենթ Վան Գոգին: Վախենում եմ… բարեկեցությունից: Ինձ համար կյանքում գլխավորն ամեն կատարվածի համար պատասխանատու լինելն է»,- իր մասին գրել է հայկական կրկեսի հպարտություն է Լեոնիդ Ենգիբարյանը:
Նա ծնվել է 1935 թ. հենց այս օրը: Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն։1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի` տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։ 1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952-ին սկսելով երրորդ կարգից` 1954-ին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր:1955-ին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին, և Լեոնիդն ընդունվում է այդտեղ։ 1959-ին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1964-ին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջզգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի` Է. Բասի անվան գավաթին։
1960-ականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները»,1964թ.), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66»)(1967թ.)), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում և այլն: Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք` Լեոնիդ Ենգիբարյան» և «2 Լեոնիդ 2»։ Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ). գրքերը: Արձանագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող:
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝«ենգիբարյանական ուղղությանը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում:
Հայկական կրկեսի անկրկնելի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանը հայերեն միայն երկու բառ է իմացել՝ Բարև: Ցտեսություն: Նա իր կարճատև կյանքի ընթացքում` 37 տարի, շատ բանի հասավ, ունեցավ մեծ հաջողություններ, փառք: Ավելիին կարող էր հասնել, սակայն կյանքին ասաց «բարևի» ու «ցտեսությանը» միջև ընկած ժամանակը շատ կարճ էր: Հավերժ ծաղրածու Լ. Ենգիբարյանը մահացել է 1972 թ: Մեծ դերասանի մահը շատերի համար է մնացել առեղծված: Իր խաղընկեր Ալբերտ Մինասյանը հիշում է Լ. Ենգիբարյանի մոր պատմածից. «Առավոտյան մայրը մտնում է որդու սենյակը` արթնացնելու…»:
«Չեմ հավատում երջանիկ ավարտին, չե՛մ հավատում։ Հավատում եմ երջանիկ ընթացքին։ Ես երջանիկ մարդ եմ՝ բոլոր ցանկություններս վաղ թե ուշ իրականանում են»,-ասել է Լեոնիդ Ենգիբարյանը:
«Աղջկան, որը կարողանում է թռչել». Ենգիբարյանի նովելներից
Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։ Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։ Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ… Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։ Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։ Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։ Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։ Միայն թե ինձ համար մի՛ անհանգստացիր, ես թեթև ու հիանալի քայլում եմ երկրի վրայով, դա յուրաքանչյուրին է հասկանալի։
Իմ սիրտը քո կրծքում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին