«Գառնու կամրջի շինարարական աշխատանքները ավարտված չեն»… նախարարությունը «արդարանում է» (Տեսանյութ)
ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող Ազատ գետի վրա միջնադարյան կամրջի շինարարական աշխատանքները ավարատված չեն. «նախարարության կողմից աշխատանքները կհամարվեն ավարտված 2012 թ. հունվարի 20-ի գիտամեթոդական խորհրդի որոշմամբ շարվածքի արտաքին մակերևույթի մշակման աշխատանքները սահմանված ժամկետում իրականացվելուց հետո»,- այսպիսին էր մշակույթի նախարարության պատասխանը մի խումբ բողոքող քաղաքացիների խնդրանքին` ներկայացնել կամջրի աշխատանքների ավարտման ընդունման ակտը և դրան հարակից տեղեկատվությունը, ինչպես նաև այն ընդունողների, ստուգողների անուններն ու պաշտոնները:
Այսօր մշակույթի նախարարության շենքի առջև մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել` բողոքելով ու ահազանգելով, որ «Գառնու 11-րդ դարի հայտնի կամուրջը ամբողջությամբ ապականվել է` ամրացման անվան տակ, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ Մշակույթի նախարարությունը»:
Նրանք մարտի 11-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հասեագրված նամակ-հարցումում էին հանձնել նախարարության` ակնկալելով այսօր ստանալ դրա պատասխանը:
Նախարարության պատասխանում նշված է. «Գառնիի կամուրջը թվագրվում է 11-13-րդ դարերով: Իր գոյության ընթացքում այն մի քանի անգամ նորոգվել է և կրել փոփոխություններ: 1679 թ. Գառնու երկրաշարժի ժամանակ կամուրջը փլուզվել և վերականգնվել է` վերին նիշերի և կամարակապի շառավղային չափի փոփոխմամբ: 1950-ական թվականներին սելավի պատճառած ավերածություններից հետո պահպանված կամարաշարը լրացվել է կոպտատաշ խամքարով և կավահողային շաղախով շարված կողապատերով:
Հաշվի առնելով կամրջի ինտեսիվ /հետիոտն/ օգտագործման և խիստ վթարային լինելու հանգամանքը՝ 2006 թվականին կազմվել է կամրջի վերականգնման նախագիծը, որը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նույն թվականի հուլիսի 11-ի N 6 նիստում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են «Կոտայքնախագիծ» ՍՊԸ կողմից, որը հուշարձանների վերականգնման ոլորտում ունի փորձ և համալրված է համապատասխան մասնագետներով:
2010 թվականին պետական բյուջեի միջոցներով և հաստատված նախագծով կատարվել են կամրջի հյուսիսային կողմի արևմտյան` փլուզման եզրին կանգնած պատի մասնակի վերականգնման աշխատանքներ: Նախատեսված աշխատանքների շարունակությունն ապահովելու նպատակով 2011 թվականին հարցը կրկին դրվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստի օրակարգում, քննարկվել և որոշվել է. «ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել հարցը, վերանայել բոլոր արխիվային նյութերը և ներկայացնել առաջարկություն»: 2012 թվականի հունվարի 20-ի նախարարության գիտամեթոդական խորհրդի N 1 նիստում քննարկվել է կամրջի վերականգնման և ամրակայման նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը` հիմք ընդունելով ճարտարապետ Ալբերտ Բալասանյանի կողմից 1945 թվականին կատարված արխիվային չափագրությունները և ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները» գրքում «կամրջի կառուցվածքը իրականացված է … սրբատաշ տուֆով և կրաշաղախով» նշումը: Խորհուրդը 11 կողմ և 4 դեմ քվեարկությամբ որոշում է կայացրել` առաջարկել նախագծող կազմակերպությանը վերանայել նախագիծը, մասնավորապես նշելով. «…կամրջի եզրապատերը վերականգնել կամարի պահպանված հին սրբատաշ քարերի տաշվածքի օրինակով …»:
ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով 2011 թվականին ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամին է ներկայացրել համապատասխան ծրագիր, որն արժանացել է հավանության: Այնուհետև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ կնքվել է համագործակցության հուշագիր:
Նախարարության 2012 թ. մարտի 30-ի N 01/14.1/1315-12 գրությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին են տրամադրվելգիտամեթոդական խորհրդի 20.01.2012 թ. N 1 նիստի որոշման հիման վրա լրամշակված և սահմանված կարգով փորձաքննված ու համաձայնեցված նախագծային փաստաթղթերը:
Գնման ընթացակարգը սկսելու նպատակով կազմվել են վերականգնման աշխատանքների իրականացման գնման հայտարարության և հրավերի տեքստերը, որոնք քննարկվել և հաստատվել են ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հայտերը գնահատող հանձնաժողովի` 2012 թ. ապրիլի 4-ին կայացած նիստում, ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպանատան` ծրագրի պատասխանատու աշխատակիցների կողմից: Նյութերն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն և 2012 թ. ապրիլի 12-ին տեղադրվել www.gnumner.am ինտերնետային հասցեում: Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթները` հայտարարության և հրավերի տեքստերը /հրավերում ներառվել են աշխատանքների կատարման համարանհրաժեշտ պայմաններ` նմանատիպ գործունեության համապատասխանությունը, մասնագիտական փորձառությունը, տեխնիկական և ֆինանսական միջոցները, աշխատանքային ռեսուրսներըև այլն/ գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են 2012 թ. ապրիլի 12-ին: Օրենքով սահմանված 40-րդ օրացուցային օրը` 2012 թ. մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների գնման նպատակով հայտարարված բաց ընթացակարգի հայտերի բացման նիստը:
Հայտ են ներկայացրել չորս կազմակերպություններ` «Բուրգ-999», «Մ. Լամբարյան», «Տիգրան-Ավիկ», «Դանիել» ՍՊԸ-ները: «ՊՄԱԹ ՊՄՊ ԲԸԱՇՁԲ 12/01» ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ն՝ որպես սահմանված պահանջներին համապատասխան և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից: Երկրորդ տեղ է զբաղեցրել «Բուրգ-999», երրորդ տեղ` «Մ. Լամբարյան», չորրորդ տեղ` «Դանիել» ՍՊԸ-ները:
2012 թ. հունիսի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների գնման պայմանագիր: Պայմանագրով աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 2012 թ. նոյեմբերի 20-ը, որը համապատասխան համաձայնագրով երկարացվել է մինչև 2013 թվականի հունվարի 31-ը: Պայմանագրի գինը կազմում է 33423368 /երեսուներեք միլիոն չորս հարյուր քսաներեք հազար երեք հարյուր վաթսունութ/ դրամ, որը համաձայնագրով նախատեսված ծրագրի արժեքից պակաս է 11237000 /տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար/ դրամով:Պայմանագրի առարկան ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների իրականացումն է /դրանում ներառված չեն շարվածքի արտաքին մակերևույթի մշակման աշխատանքները/:
«Կամուրջ» հուշարձանի վերականգնման թույլտվություն ստանալու համար նախագծի հեղինակ Ռ. Դավթյանի և մրցութային կարգով համապատասխան լիցենզիա ունեցող «Էդիկ Կարախանյան և ընկերներ» ՍՊԸ-ի հետ կնքվել են համապատասխանաբար հեղինակային և տեխնիկական հսկողության պայմանագրեր:
Աշխատանքները մեկնարկել են սահմանված ժամկետում. 1-ին փուլում դրանք իրականացվել են պատշաճ մակարդակով: Աշխատանքների կատարման 2-րդ փուլում ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա կամրջի նիշերի փոփոխության հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նաև կամրջի եզրապատերի նկարվածքը: ՊՈԱԿ-ի կողմից նախարարության համաձայնությանն է ներկայացվել կամրջի վերականգնման նախագծի լրամշակված նախագծային առաջադրանքն ու փորձաքննված աշխատանքային նախագիծը, որը համաձայնեցվել և հանձնվել է ՊՈԱԿ-ին՝ վերականգնման աշխատանքները շարունակելու համար:
Կապալառու կազմակերպության կողմից «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետում և համապատասխան համաձայնեցված նախագծին /առկա են տեխնիկական և հեղինակային հսկողության ակտերը/:
Միևնույն ժամանակ, նախարարության կողմից աշխատանքները կհամարվեն ավարտված 2012 թ. հունվարի 20-ի գիտամեթոդական խորհրդի որոշմամբ շարվածքի արտաքին մակերևույթի մշակմանաշխատանքները սահմանված ժամկետում իրականացվելուց հետո»:
Նախորդող նորություն` 11-րդ դարի Գառնու կամուրջը կորցրել է իր նախնական տեսքը… Ժամանակն է «մեղավոր»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում