Թուրքիայում ավելանում են «Գորշ գայլեր»-ի համակիրները
Թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքն իր ընթերցողներին է ներկայացնում Թուրքիայի 81 նահանգում անցկացված սոցհարցման արդյունքները: Հարցման է ենթարկվել 18 տարին լրացած ընտրական իրավունք ունեցող 1500 քաղաքացի:
«Եթե այսօր խորհրդարանական ընտրություններ լինեին, ու՞մ կընտրեիք» հարցին տրված պատասխանները ըստ տոկոսային հարաբերության հետևյալ պատկերն են կազմել:
• «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) 50.7%
• «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) 24.2%
• «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) 15.3%
• «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություն (ԽԺԿ-BDP) 5.0%
• այլ քաղաքական ուժեր` 4.8%
2012 թվականի հարցման համեմատ վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր դիրքերը չի զիջել՝ մնալով առաջատար: Իսկ ահա գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը կորցրել է ընտրողների 3.5 տոկոսի վստահությունը: Թուրքական «Գորշ գայլեր» (Bozkurt) ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունն էլ ավելի է ամրապնդել դիրքերը: Նրան այս տարի վստահում է 2.5 տոկոս ավելի, քան նախորդ տարի: Իսկ ահա միակ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ընտրազանգվածի 1.4 տոկոսն այլևս չի վստահում նրան:
Թուրքական լրատվամիջոցն ընտրոնղերի ձայների փոփոխությունն ինչ-որ չափով պայանամվորում է քրդական հարցի շուրջ սկսված զարգացումներով: Նշվում է, որ չնայած հարցվածներից շատերը դժգոհ էին, որ ԱԶԿ-ն Օջալանի հետ բանակցություններ վարելու համար արտոնություն է տվել միայն ԽԺԿ-ին, այնուամենայնիվ, այն իր դիրքերը չի զիջել: Իսկ ԱՇԿ-ն, որն այդ հարցում ավելի կոշտ հայտարարություններով է հանդես գալիս, կարողացել է ավելացնել իր համակիրների թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան