ՀՀԿ-ն մառազմատիկ է որակում Երևանը ԲՀԿ-ին զիջելու մասին լուրերը
«Դրանք մառազմատիկ լուրեր են, ՀՀԿ-ն շատ լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում և սպասվելիք ընտրություններին մեկ անգամ ևս կապացուցի, որ երևանցին վստահում է և՛ ՀՀԿ-ին, և՛ Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀԿ-ն մայիսին սպասվող ավագանու ընտրություններին պատրաստվում է Երևանը զիջել է ԲՀԿ-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլխավորելու է ավագանու ընտրությունների շտաբի պետի պաշտոնը:
Հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել երեկ երեկոյան կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում, վերջինս նշեց. «ԳՄ-ի նիստում քննարկվել է ՀՀ նախագահի Մոսկվա և Բրյուսել կատարած այցերի արդյունքները, ինչպես նաև ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակը»:
«Նախագահի այցը Մոսկվա բավականին արդյունավետ է եղել»,- նշեց Է. Շարմազանովը, հավելելով, որ ՀՀ և ՌԴ համագործակցությունը բխում է երկկողմ դաշնակցային հարաբերություններից:
Անդրադառնալով Ս. Սարգսյանի Բրյուսել կատարած այցին, վերջինս հիշեցրեց, որ նախագահը մեկնել էր Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին:
«Այս երկու այցերը ցույց տվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակվելու է թե՛ եվրաինտեգրման, և թե՛ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների խորացման գործընթացը, ինչն անշուշտ բխում է մեր պետության շահերից»,- հավելեց Է. Շարմազանովը: