Ընդդիմությունը չկարողացավ համախմբվել միասնական ցուցակի շուրջ
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու ընդդիմության տապալված փորձին` «Голос Армении»-ն նկատում է. «Եթե ընդդիմությունը չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ ավագանու միասնական ընտրացուցակի առաջնորդի հարցում, ապա ՀԱԿ-ի այն հայտարարությունները, թե իրենք կկարողանան կոալիցիա կազմել արդեն ավագանու ներսում և առաջադրել իրենց միասնական քաղաքապետի թեկնածուին, ավելի քան պոպուլիստական և դեմագոգիկ է հնչում»: Մասնավորապես թերթը նշում է, որ ներկայիս ավագանու մեջ 1/5-րդ ձայն ունեցող ՀԱԿ-ն այս ամբողջ ընթացքում այդպես էլ չմասնակցեց մայրաքաղաքի ավագանու աշխատանքներին` հայտարարելով, թե իբր բոյկոտում են:
«ГА»-ն նկատում է, որ այս բոյկոտը, թերևս, իմաստ կունենար այն պարագայում, եթե ՀԱԿ-ը վայր դներ իր պատգամավորական 7 մանդատը: Անդրադառնալով ավագանու ընտրություններին համագործակցության վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկած «Ճանապարհային քարտեզին»` թերթը նկատում է, որ այդ քարտեզի առնվազն առաջին կետը, ուր առաջարկվում է, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները չքննադատեն միմյանց, գրեթե իրագործելի չէ, քանի որ առնվազն «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն խորը տհաճություն են զգում միմյանց հանդեպ: Ըստ թերթի` միակ իրագործելի կետը այդ քարտեզում ընտրական գործընթացի համատեղ վերահսկումն է, որպեսզի չլինեն ընտրակեղծիքներ: