«Թող սպասի». Հովիկ Աբրահամյանն է ասել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո (տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Ազատության հրապարակում իր վրանում հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց լրագրողների հետ խոսել հանդիպման մասին և ասաց, որ այդ մասին տեղեկություն կտա երկուշաբթի կայանալիք ասուլիսում: Փոխարենը լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք զրուցեցինք պարոն Հովհաննիսյանի հետ: Նախ ինձ հետաքրքրեց առողջությունը, և հետո քննարկեցինք որոշ ուղիներ այս բանավեճը լուծելու համար: Որևէ ընդհանուր հայտարարի չենք եկել, բայց ես գտնում եմ, որ դա չավարտվեց՝ երևի նորից կհանդիպենք: Ես գտնում եմ, որ այս ձևաչափը հարցի լուծում չէ: Մտահոգ եմ, այն խնդիրները, այն դժգոհությունները որ կան Ազատության հրապարակում, պետք է լուծում ստանան: Մենք բարձր ենք գնահատում պարոն Հովհաննիսյանի խելամիտ, ողջամիտ որոշումները, որ ժողովրդին չի տանում անկայունության»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը այցելելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանին, Աբրահամյանը պատասխանել է, թե այդ մասին ոչինչ չգիտի: «Փորձելու ենք ամեն ինչ անել, որ հաշտ համերաշխ այս խնդիրներին լուծում տանք», -հավելել է Աբրահամյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Հովհաննիսյանը կոնկրետ առաջարկներ է սպասում իշխանությունների կողմից և հարցին, թե ի՞նչ առաջարկներ է նա արել Րաֆֆի Հովհաննիսյանին, ԱԺ նախագահը պատասխանել է. «Թող սպասի, որովհետև այդ առաջարկությունը պետք է լինի մեր թիմի ղեկավարի, բոլորիս կողմից: Խորհրդակցելու ենք և փորձելու ենք առաջարկություններ անել»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին պահանջին, Աբրահամյանն ասել է, որ դա ողջամիտ պահանջ չէ:
Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի հայտարարությանը, թե երդման արարողությունը կարող է լինել միայն իր դիակի վրա, ապա Աբրահամյանն այդ կապակցությամբ ասաց. «Դա վերջնագիր է, որն ընդունելի չէ: Քաղաքական կատեգորիա չէ»:
Աբրահամյանը նկատել է, որ ինքը սպասել է Սահմանադրական դատարանի որոշման հրապարակմանը, քանի որ որոշել էր Հովհաննիսյանին հանդիպել միայն դրանից հետո: «Պարոն նախագահն էլ է գտնում, որ այս ամենին պետք է ողջամիտ լուծումներ տրվեն, հաշտ համերաշխ ձևով: Պարոն Հովհաննիսյանը հայրենասեր քաղաքացի է, և ինքը անում է ամեն ինչ, որ հաշտությամբ լուծվի այս ամենը: Մենք էլ գնալու ենք ընդառաջ, օգնելու ենք, որպեսզի լուծվի այդ բանավեճը խաղաղ: Փորձելու ենք ելքեր գտնել: Մենք պատրաստ ենք գնալ փոխզիջումների, բայց խելամիտ, ողջամիտ», -հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: