Վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների և մահացության ցուցանիշը նվազում է
Այսօր Ծաղկաձորում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվեց «Կանգնեցնենք տուբերկուլոզը» թեմայով իրազեկման դասընթացը:
1865 թ. ֆրանսիացի վիրաբույժ Ժան Անտոնիո Վիլեմինն ապացուցեց, որ տուբերկուլոզը վարակիչ է, իսկ 1882 թ. Ռոբերտ Կոխը հայտնաբերեց հիվանդության հարուցիչը, որը հետագայում ի պատիվ բժշկի անվանվեց «Կոխի ցուպիկ»: Տուբերկուլոզը, ելնելով վտանգավորության աստիճանից, ընդգրկվեց շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում, քանի որ այն հիվանդից առողջին փոխանցվում է միայն օդակաթիլային ճանապարհով: Երբ թոքային տուբերկուլոզով հիվանդը հազում է կամ փռշտում և խոսում, հարուցիչը, որը միկրոբակտերիաների տարածման հիմնական աղբյուր է հանդիսանում, շրջակա միջավայր է ընկնում և այդ բացիլները պարունակող կաթիլները ներշնչելուց թափանցում են թոքեր ու տարածվում:
Չնայած տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: 2011թ-ին աշխարհում գրանցվել է տուբերկուլոզի մոտ 8.7 մլն նոր դեպք և 1,4 մլն մարդ մահացել է դրանից:
ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը նշեց, որ տուբերկուլոզն առողջապահության հիմնախնդիրներից մեկն է` ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում:
Նրա խոսքերով` Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից 2006 թվականին հաստատված «2007-2015 թվականների Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում: Ա.Հայրապետյանը նշեց, որ բնակչությանը տուբերկուլոզի մասին տեղեկացնելու և տուբերկուլոզի դեմ պայքարն առավել համախմբված ու արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպվում են իրազեկման միջոցառումներ:
Արմեն Հայրապետյանը հիշեցրեց, որ մեր երկրում տուբերկուլոզի բուժումն իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում, դեղորայքը նույնպես անվճար է հատկացվում:
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրենը ներկայացնելով իրավիճակը Հայաստանում` նշեց, որ վերջին տարիներին մեր երկրում տուբերկոլյոզով հիվանդների և մահացության ցուցանիշը նվազում է: 2012 թվականին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի 1125 նոր դեպք, հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 37 դեպք: 2011թ-ի համեմատ մոտ 120 դեպքով նվազել է: Նշենք, նաև, որ 2012թ-ին գրանցվել է մահվան 60 դեպք: Տուբերկուլոզով հիվանդ երեխաների թիվն այսօր հանրապետությունում հասնում է 25-ի: Ինչ վերաբերում է քերակատարողական հիմնակներում գրանցված դեպքերին, ապա 2012թ-ին գրանցվել 9 նոր դեպք:
Ըստ Ա.Հայրապետյանի` 2012-ին բուժման բարեհաջող ելքը 77 տոկոս է, սակայն նախատեսվում է մինչև 2015-ը հասցնել 85% բարեհաջող ելքի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու