Տ.Դավթյան. Հայաստանը պետք է և հստակ քայլերով առաջ է ընթանում բոլոր ինտեգրացիոն գործընթացներում
«Հայաստանը պետք է և հստակ քայլերով առաջ է ընթանում բոլոր ինտեգրացիոն գործընթացներում: Այդ թվում և Եվրասիական ինտեգրման, քանի որ այլապես 21-րդ դարում Հայաստանը չի կարող իրեն զգալ պետություն, որը ինտեգրված է գլոբալ գործընթացներում»,- «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսի մեկնարկին այսօր հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Գործընթացը հեշտ չէ, բայց կարևորը քաղաքական կամքն է, որը առկա է և գործընթացը հաջողությամբ կպսակվի: Դա մեծ աշխատանք է և մեծ պատասխանատվություն, բայց վերջին շրջանում Հայաստանը, նշեց նախարարը, լուրջ աշխատանք է տանում բոլոր մակարդակներում և մշտապես ակտիվ մասնակից է բոլոր այն միջոցառումներում, որոնք միտված են ինտեգրացիոն գործընթացներին:
«Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներում, մենք գտնում ենք, որ պետք է ակտիվ մասնակցություն ունենանք դրանցում և գտնենք փոխշահավետ համագործակցության եզրեր, ինչը միտված կլինի գործընթացների էլ ավելի զարգացմանը»,- ընդգծեց Տիգրան Դավթյանը:
Նշենք, կոնֆերանսին ներկա են ԱԺ պատգամավորներ, քաղաքագետեր Հայաստանից և Ռուսաստանից, մի շարք երկրների դեսպաններ` ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ-ում Բելարուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը և այլք: Նշենք նաև, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը, նախքան ելույթին անցնելը, ընթերցեց նաև ՌԴ նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չերնովի ողջույնի խոսքը կոնֆերանսի մասնակիցներին:
Կոնֆերանսը կազմակերպվել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական հասարակական կազմակերպության ջանքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան