Կանանց իրավունքներն այսուհետ կպաշտպանվեն ՄԱԿ-ի հռչակագրով
ՄԱԿ-ի անդամ երկրները, այդ թվում պահպանողական կաթոլիկ և մահմեդական պետությունները, երկարատև բանակցություններից հետո կարողացել են համաձայնեցնել կանանց բռնությունից պաշտպանելուն ուղղված հռչակագրի ձևակերպումները: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրեսը»:
Մարտի 15-ին ընդունված փաստաթուղթը պարտավորեցնում է բոլոր երկրներին ձեռնպահ մնալ կանանց նկատմամբ բռնություններն արդարացնելու համար իրենց ավանդույթներին, սովորույթներին ու կրոնական սկզբունքներին հղումներ անելուց: Հռչակագիրը նաև հաստատում է սեռերի իրավահավասարության սկզբունքը, ինչպես նաև կոչ է անում ՄԱԿ-ի անդամ-պետություններին խթանել սեռական դաստիարակությունը դպրոցներում, ստեղծել բռնության զոհերին հրատապ օգնության համակարգ և ավելի խիստ պատժել գենդերային հողի վրա կատարված սպանությունների համար: Միաժամանակ փաստաթղթից հանել են կետերը, որոնք վերաբերում են սեռական կողմնորոշմանը:
17 էջանոց նախագծի ընդունմանը նախորդել էին երկշաբաթյա սուր բանավեճերը: Արդյունքում փաստաթղթի տակ ստորագրել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրները: Փաստաթղթին ամենամեծ դիմադրությունը Եգիպտոսն է ցույց տվել: Այդ երկրում ազդեցիկ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը հռչակագրի նախագիծը` իսլամի սկզբունքներին հակասող և ընտանիքի հիմքերը խարխլող է համարել: Այդ կապակցությամբ Եգիպտոսն առաջարկել է լրացում մտցնել, որը ստորագրած երկրներին իրավունք է տալիս փաստաթուղթը կիրառել սեփական ավանդույթներին ու օրենքներին համապատասխան: Առաջարկը չի արժանացել բանակցությունների մյուս մասնակիցների աջակցությանը և վերջնական խմբագրման ժամանակ այդ ձևակերպումը հանել են: Չնայած դրան, եգիպտական պատվիրակության ղեկավարը չի արգելակել նախագծի ընդունումը, ինչի համար պետք էր ՄԱԿ-ի բոլոր անդամների համաձայնությունը:
«Ֆրանս Պրեսը» ընդգծում է, որ բացի Եգիպտոսից, փաստաթղթի տեքստի մասին արտահայտվել են նաև այլ մահմեդական երկրներ, այդ թվում Լիբիան,Սուդանն ու Իրանը,ինչպես նաև Վատիկանն ու Ռուսաստանը: Նրանք պահանջել են մեղմացնել առանձին ձևակերպումներ, որոնք մասնավորապես վերաբերվում են աբորտների արգելքին և ամուսնու կողմից ստիպողական սեքսը բռնաբարություն ճանաչելուն: Այդուհանդերձ մյուս երկրների հաջողվել է նրանց հետ փոխզիջում գտնել` որոշ դրույթներից հրաժարվելու ճանապարհով, որոնք անուղղակիորեն կապված են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ:
ՄԱԿ-ի կանանց գործերով կոմիտեի նախագահ Միշել Բաչելետը նախագծի ընդունումն անվանել է պատմական իրադարձություն: Նրա խոսքերով, այժմ ամբողջ աշխարհի կանայք արդյունավետ գործիք կստանան իրենց իրավունքների պաշտպանության համար: ՄԱԿ-ի կայքում նշվում է, որ Բաչելետի հետ համակարծիք է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա կանանց նկատմամբ բռնությունն անվանել է սպառնալիք ամբողջ աշխարհին:
Հռչակագիրն ընդունելու նախորդ փորձը 2003-ին անհաջողության էր մատնվել: Պետությունները փոխզիջման չէին եկել երեխաների սեռական դաստիարակության, աբորտների թույլատրելիության և ավանդույթների ու կրոնական նորմերի նկատմամբ կնոջ իրավունքների գերակայության շուրջ: