Հրանտ Բագրատյան, Կարինե Խոդիկյան, Բորիս Նավասարդյան. Փաշինյանը թվարկել է ստվերային կառավարության պոտենցիալ անդամներին
Այս պահին Ազատության հրապարակում քաղաքացիական ֆորում է տեղի ունենում, որտեղ քաղաքական գործիչներն ու մտավորականները պետք է ներկայացնեն ապագա Հայաստանի իրենց տեսակետները: Առաջին ներկայացնողը Հայաստանի ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն է:
Նա խոսելով իշխանափոխության և Հայաստանի անվտանգության վրա դրա հնարավոր ազդեցության մասին, հայտարարեց, որ ինքը համաձայն չէ այն տեսակետին, թե Հայաստանում կատարվող և իշխանափոխությանն ուղղված գործընթացները կարող են ազդել Հայաստանի անվտանգության վրա: «Ես ուզում եմ արձանագրել, որ ԼՂՀ-ն ունի ընտրած նախագահ, ունի գերագույն հրամանատար, ունի բանակ և ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները կապ չունեն ԼՂՀ-ի հետ: Հնչում են տեսակետներ, թե Ազատության հրապարակի գործընթացները սպառնալք են ԼՂՀ-ի համար, ես ուզում եմ ասել, որ ԼՂՀն-ունի բանակ, որևէ մեկը չի խանգարում ԼՂՀ գերագույն հրամանատարին հետևել գործընթացներին», -հայտարարեց Փաշինյանը:
Իր տեսակետը ներկայացնելիս ԱԺ պատգամավորը առաջարկեց ուժային կառույցներից մեկում՝ Պաշտպանության նախարարությունում առաջարկվող փոփոխության իր տարբերակը. «Նոր իշխանությունը կարող է պարտավորվել, որ մեկ տարի զինված ուժերում որևէ փոփոխություն չի կատարելու և նախարարի պաշտոնը ստանձնելու է ՊՆ փոխնախարարներից մեկը»: Նա որպես օրինակ մատնանշեց ԱՄՆ տարբերակը, երբ դեմոկրատ Բարաք Օբաման Պաշտպանության նախարար նշանակեց Հանրապետական Ռոբերտ Գեյթսին:
Նա հայտարարեց, որ ժամանակն է ստվերային կառավարության անդամների անունները հնչեցնել, որի իրավասությունն ունի միայն «հաղթած թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանը»:
«Երեկ մենք փորձեցինք գրել անուններ, որոնք կարող են պոտենցիալ անդամներ ունենալ, ի զարսմանս մեզ այսօր մենք շուրջ յոթանասուն մարդու անուն ունենք արդեն: Ուղղակի անուններ են, որոնք ակնհայտորեն պոտենցիալ ունեն», -հայտարարեց Փաշինյանը և քաղաքացիների հորդորով թվարկեց ստվերային կառավարության անդամների անունները՝ Արտակ Զեյնալյան, Բորիս Նավասարդյան, Կարինե Խոդիկյան, Հրանտ Բագրատյան, Լևոն Բարսեղյան (Գյումրի), Վահան Խաչատրյանը (Գյումրի), նախկին դատավոր Պարգև Օհանյան, իրավապաշտպան Արթուր Սաքունց, Աշոտ Բլեյան, Դավիթ Հովհաննիսյան, Սամվել Մարտիրոսյան, Խաչատուր Սուքիասյան, Վաղարշակ Հարությունյան, Լիլիթ Գալստյան..Դավիթ Սանասարյան, Հակոբ Բադալյան-լրագրող, Վահե Գրիգորյան- փաստաբան, Մուշեղ Շուշանյան-փաստաբան և այլն:
Երբ քաղաքացիներից մեկն ասաց՝ Նիկոլ Փաշինյան, վերջինը անմիջապես ժպտալով պատասխանեց. «Ես վաղուց հայտարարել եմ ինքնաբացարկի մասին և իմ անունը պետք չէ նշել»:
Մեկ այլ քաղաքացի էլ բացականչեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի անունը և Փաշինյանն ասաց, որ նրան նույնպես ընդգրկել են այդ ցուցակում:
Նշենք, որ Ազատության հրապարակում անձրև է և չնայած դրան քաղաքացիներ են հավաքվել, իսկ բանախոսներն էլ ելույթ են ունենում անձրևանոցներով: