Նախկին պատգամավոր. Ներկա գործընթացը հիշեցնում է վատ ներկայացում
«Հայաստանյան ներկայիս հետընտրական զարգացումները որևէ իշխանափոխության չեն հանգեցնի, քանի որ իշխանությունը նվաճում են և ոչ թե սկուտեղի վրա ստանում»,- այսօրվա ասուլիսում մեկնաբանելով ներկայիս ներքաղաքական իրավիճակը կարծիք հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, շեշտելով, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները ճանաչվել են միջազգայնորեն:
«Հայ մարդը դեռ դժվար է հասկանում, որ իշխանությունն, ըստ էության, նվաճվում է: Դա բարդ գործընթաց է, բայց բարդ է այն նաև պահպանելը։ Որևէ լիրիկական, «պուրակային զեղումների» կամ հացադուլի միջոցով իշխանություն երբեք չի մատուցվի սկուտեղի վրա»,- ասաց բանախոսը:
Նրա կարծիքով` հետընտրական ներկա զարգացումները կարող են տալ զուտ մտահոգության առիթներ, սակայն ոչ ավել, քանի որ «ներկա գործընթացը իրեն հիշեցնում է վատ ներկայացում»:
«Ցանկացած ներկայացում լավն է, երբ դրա սցենարը տրամաբանական է, հիմնավոր և խոցելիություն չունի: Իսկ սա նման է ներկայացման, և, որպես դիտորդ ասեմ, ոչ այդքան էլ լավ ներկայացման»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Ըստ բանախոսի` շուրջ կեսմիլիոն ձայն ունեցող «Ժառանգությունը» Երևանի ավագանու ընտրության նախօրյակին պետք է ուժեղ մրցակցություն առաջ բերեր, սակայն ներկա զարգացումներն այլ ուղղությամբ են տանում:
«Երբ մարդը ներկայացում է գնում, ուզում է, որ սցենարը կուռ ու տրամաբանական լինի, ինչը այս դեպքում մենք չենք տեսնում»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում