Ս. Հասրաթյան. Ինչո՞ւ է Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ ապատեղակտվություն տարածում
«Մեր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը որոշակի պարբերականությամբ ստահոդ տեղեկություններ տարածում: Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը, ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկություններ է տարածել այն մասին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի հատվածում, հայկական կողմից, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
Ս. Հասրաթյանի խոսքերով, ադրբեջանական կողմն իր բանակում արձանագրվող միջադեպերը ցանկացած առիթով փորձում է Արցախի ՊԲ ստորաբաժանումներին վերագրել, ինչն ակնհայտորեն չի ստացվում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում վերջին 2 ամիսների ընթացքում, բանակում խաղաղ պայմաներում մահացած կամ սպանված զինծառայողների ծնողների ու քաղաքացիական ակտիվիստների կողմից բողոքի ակցիաներ են անցկացվում: Ակցիայի կազմակերպիչները տարբեր փաստերի միջոցով փորձում են հանրությանը տեղեկացնել բանակում սպանության դեպքերի քողարկման ու քրեական գործերն այլ ընթացքով տանելու մասին: Վերջին նմանատիպ ակցիան ոստիկանության կողմից ռետինե փամփուշտների և ջրցան մեքենաների օգնությամբ ցրվել է: