ՀՀ Նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին իրավիճակի հանգուցալուծման երեք ճանապարհ է առաջարկել
Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի և խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ գործող նախագահի, հարցրել է իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: «Առավոտ»-ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասներն՝ ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ: Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ և փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:
Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երևանի քաղաքապետ և ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:
Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ և պայքարում է կոռուպցիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահը, այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելուց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ:
Ըստ Սերժ Սարգսյանի, ինքը հարգել է պայմանավորվածությունը և ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները