Որտե՞ղ են Տավուշի մարզի երկու բնակիչները. Գյուղերում չեն բացառում սահմանն անցնելու վարկածը
Ադրբեջանական «ԱՊԱ»-ն, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տեղեկություն էր տարածել, որ Տավուշի մարզի Դովեղ և Այգեհովիտ գյուղերի երկու բնակիչներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը: Մասնավորապես, ըստ աղբյուրի, Դովեղ գյուղից սահմանը հատել է Դուրմիշ Քառյանը, իսկ Այգեհովիտից` Անահիտ Առաքելյանը:
ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանից տեղեկությունը հաստատել չհաջողվեց` նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Իսկ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակիչներով փնտրում են 87-ամյա Քառյանին, բայց գտնել չի հաջողվել: «Սահմանը հատելու մասին պաշտոնապես որևէ տեղեկություն չունենք, բայց նրան գյուղով մեկ` անտառում ու այլ տեղերում փնտրում ենք», -ասաց գյուղապետը` միևնույն ժամանակ չբացառելով սահմանը հատելու մասին վարկածը:
Գյուղապետի խոսքով, գյուղի մեծահասակ բնակիչը առաջին անգամ չէ, որ կորում է. «Մի անգամ Արտաշատ էր գնացել, մի անգամ Թեղուտ: Դրա համար ենք ամեն տեղ ման ենք գալիս»:
Ի դեպ` ըստ գյուղապետի, վերոնշյալ Դովեղ գյուղի բնակչի անունը Մանցական Քառյան է:
Ինչ վերաբերում է Այգեհովիտ գյուղի բնակիչ 48-ամյա Անահիտ Առաքելյանին, ապա նրա քրոջ որդին մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ հստակ չգիտեն` Անահիտը սահմանն է անցել, թե ոչ:
«Անցնել-չանցնելը 100 տոկոսանոց պարզ չի, որ ասենք անցել ա: Ուղղակի երեկ ճաշից հետո ինքը (Անահիտ Առաքելյանը-հեղ.) չկա, մենք էլ ընգել ենք, ման ենք գալիս, չկա: Չի կարա անցնի, քանի որ պոստերում շատ լուրջ ծառայություն ա, գնացել ենք պոստեր տղերքին տեսել ենք, ասել են` չի անցել: Հիմա մենք սահմանում ենք ապրում, մտածում ենք կարող ա անցած լինի: Բայց պոստի տակի մասը մի քիչ խաղողի այգի ունենք, ինքն ըտեղ էրևացել ա, բայց ըտեղ մինի պոլյա կա, ականապատված ա, բայց եթե անցած լիներ, կպայթեր», -իրավիճակը ներկայացրեց Անահիտի բարեկամը` Արթուրը:
Նրա խոսքով, Անահիտ Առաքելյանի մոտ գարնանը նյարդային սրացումներ են լինում: