Թուրք նախկին դեսպան. «Պետք է հայերից ներողություն խնդրենք ու ասենք` սա նաև ձեր հողերն են, եթե գաք, ձեզ համար էլ այստեղ տեղ կա»
«Թուրք արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության» (TÜSİAD) ղեկավար խորհրդի անդամ, նախկին դեսպան Վոլքան Վուրալը թուրքական «Բուգյուն» թերթին տված հարցազրույցում Հայոց ցեղասպնության հետ կապված ուշագրավ հայտարարություններ է արել:
Նա մասնավորապես ասել է. «Այս հողերում մոտ մեկ միլիոն հայեր են ապրել: Նրանք այս հողի զավակներն են: Մի շարք դեպքեր են տեղի ունեցել: Ոմանք սրան ցեղասպանություն են ասում, ոմանք` մեծ ողբերգություն: Ըստ իս` դա տեղահանություն է եղել: Բնականաբար, դրա պատասխանատվությունը կրում է այն ժամանակվա Օսմանյան պետությունը: Հենց այս պատասխանատվության պատճառով է, որ պետք է ներողություն խնդրել հայերից»:
Լրագրողի հարցին, թե այն դեպքում, երբ այս հարցը պատմաբանները չեն կարող լուծել, արդյո՞ք քաղաքական գործիչները կկարողանան լուծել, Վոլքան Վուրալը պատասխանել է. «Ըստ իս` սա քաղաքական խնդիր է և քաղաքական գործիչները կլուծեն: Կարելի է ներողություն էլ խնդրել և մահացածների ու տեղահանվածների հետնորդներին հետևյալ կոչն անել. «Սա նաև ձեր հողերն են, եթե գաք, ձեզ համար էլ այստեղ տեղ կա»: Եկողը կգա, չեկողը չի գա: Իսկ եկածներին էլ կարելի է քաղաքացիություն տալ»:
Վուրալը նաև նշել է, որ հայկական հարցի ընկալման հարցում վերջին տարիներին լուրջ տեղաշարժեր կան:
«Մենք մեր կազմակերպության շրջանակներում իրականությունը հասկանալու համար մտադիր ենք բաց քննարկումներ, սեմինարներ կազմակերպել և հրավիրել այս թեմաները ուսումնասիրող մասնագետների»:
Լրագրողի հարցին, թե 2015-ին Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ, Վուրլաը պատասխանել է. «Կարծում եմ պետք է բացենք: Դա կարևոր է նաև Կարսի շրջանի զարգացման առումով: Մեր միջև անմիջական առևտրի բացակայությունից օգտվում են երրորդ երկրները»:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: