ASİMDER. «Երևան-Վան չվերթը կվնասի թուրք-ադրբեջանական հարաբերություններին»
Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը» (ASİMDER) այս անգամ բոյկոտում է Վան-Երևան չվերթը, որը նախատեսված է իրականացնել սույն թվականի ապրիլի 1-ից:
Թուրքական «Սթարգյունդեմ» լրատվական կայքի տեղեկացմամբ` կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ կոչ է արել թուրքական ավիաուղիների և տրանսպորտի նախարարության պաշտոնատար անձանց Հայաստանի վերաբերյալ իրենց որոշումներում լինել ավելի լուրջ:
Ըստ Գյուլբեյի` ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Վան-Երևան չվերթի իրականացումը հայկական սփյուռքի հաղթանակը կլինի:
«Վանը հայերի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ այն, ըստ հայերի, Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքն է եղել: Հայկական սփյուռքի հողային պահանջներում էլ Վանը կարևոր դեր է խաղում: Եվ որպեսզի այս պահանջները հիմքեր չգցեն, թռիչքը պետք է չթույլատրվի»,-ասել է նա:
Գյուլբեյը նաև նշել է, որ նմանատիպ որոշումները ադրբեջանցի պաշտոնյաների կողմից ճիշտ չեն հասկացվի և կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին: