Դյումոն. Ադրբեջանական իշխանությունները լավ կլինի դադարեցնեն ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումը ներքին հարցեր լուծելու համար
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Փարիզի գեոպոլիտիկայի ակադեմիայի փոխնախագահ Ժերար-Ֆրանսուա Դյումոնը «Géostratégiques» («Աշխարհաքաղաքական ռազմավարություն») ամսագրում «Լեռնային Ղարաբաղ. չլուծված հակամարտության աշխարհաքաղաքականություն» վերնագրով գիտական հոդված է հրապարակել, որտեղ վերլուծել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության պատմությունը, կարգավորման գործընթացը, ինչպես նաև ԼՂՀ-ի ձեռքբերումները պետականաշինության ու քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտում:
Հեղինակը, մասնավորապես նշում է, որ Խորհրդային Միության կազմավորման առաջին տարիներին Լեռնային Ղարաբաղը միացվել է Ադրբեջանին` առանց նրա բնակչության մեծամասնության կամքը հաշվի առնելու: Այդ ժամանակվանից էլ առաջացել և զարգացել է հակամարտությունը բաքվի իշխանությունների հետ, որոնք Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումներ էին իրականացնում:
Հեղինակը կանգ է առնում նաև Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական յուրահատկությունների, ղարաբաղյան հիմնախնդրի առաջացման պատմական նախադրյալների, Սումգայիթում հայերի հանդեպ իրականացված ջարդերի և այլնի վրա:
Ժերար-Ֆրանսուա Դյումոնն իր հոդվածում նշում է, որ չնայած Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում կնքված հրադադարի, հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ, իսկ Լեռնային Ղարաբաղը գտնվում է շրջափակման մեջ: Դրա հետ մեկտեղ, հեղինակը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախ պետականությունը սկսել է ձևավորված հակամարտությանը զուգահեռ, և այսօր ԼՂՀ-ն ունի իշխանության բոլոր ինստիտուտները և ատրիբուտները:
Իր հոդվածում Դյումոնն անդրադարձել է նաև ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ առումով նա նշել է, որ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին ներում շնորհելն ամրապնդեց հակամարտության կողմերի միջև լարվածությունը: Հեղինակն անհնարին է համարում ժողովրդավարական ուղիով զարգացող ԼՂ-ին բռնապետական ռեժիմով պետության` Ադրբեջանի կազմում ընդգրկելը: Այս առումով նա նշում է, որ Ադրբեջանը պետության կարգավիճակում առաջացել է 1918 թվականին, այն պարագայում, երբ հին հայ ժողովուրդն ունի քաղաքական, հոգևոր, պատմաճարտարապետական և մշակութային ավելի մեծ ժառանգություն:
Հեղինակի համոզմամբ` Ադրբեջանը պետք է կամք դրսևորի` երկխոսություն սկսելու համար և այդ երկրի իշխանությունները լավ կլինի դադարեցնեն ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումը ներքին հարցեր լուծելու համար: Հեղինակը նաև կանգ է առնում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում Բաքվի ապակառուցողական դիրքորոշման և ադրբեջանական կողմի` քաղաքացիական օդանավեր խոցելու սպառնալիքների վրա:
Հոդվածի ավարտին Ժերար-Ֆրանսուա Դյումոնը հարց է բարձրացնում` ինչպե՞ս պետք է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ պետությունները հավասարակշռված լուծում գտնեն երկու երկրների միջև, որոնցից մեկը ուժեղ ինքնության կրող է և ժողովրդավարություն է կառուցում, իսկ մյուսում սահմանափակվում են քաղաքացիական ազատությունները: Ամփոփելով, հեղինակը նշում է, որ Ադրբեջանի ժողովրդավարացումը կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են