Ր. Հովհաննիսյանը ներկայացնում է հեղափոխության պարոդիա
Անդրադառնալով հետընտրական գործընթացներին` «Голос Армении»-ն գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացավ, որ հետընտրական լարվածությունը գնալով պակասում է և հացադուլի նստեց, որպեսզի վերջ դնի կոնկրետ ծրագրերի և քայլերի մասին իրեն ուղղվող հարցերին: «Բարևի» հեղափոխության կնքահայրը չսխալվեց. հացադուլով իսկապես վերջ տրվեց հետագա քայլերի մասին հարցուփորձին, Ր. Հովհաննիսյանի ողջ պայքարը տեղավորվեց «իմ դիակի վրայով» հակիրճ թեզում»:
Ավելին` անդրադառնալով «Ժառանգության» ակտիվիստների այն հայտարարությանը, թե հացադուլից թուլացած Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարողանա կառավարել և զսպել մարդկանց` թերթը նկատում է, որ նման հայտարարություններով «Ժառանգությունը», փաստորեն, փորձում է անկարգություններ հրահրելու դեպքում Ր. Հովհաննիսյանից հանել դրանց համար պատասխանատվությունը:
Թերթը նկատում է, որ ԱՄՆ-ի կողմից մշակված զանազան բազմագույն հեղափոխությունները գրեթե նույն սցենարով էին իրականացվում, սակայն միջազգային պրակտիկան արդեն ցույց է տվել, որ գունավոր հեղափոխություններն իրենց չեն արդարացնում: «Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի, թե ինչպես վարվի նախագահական ընտրություններից հետո իր ձեռքբերած լսարանի հետ, ինչը բացահայտ քաղաքական ինֆանտիլիզմի դրսևորում է»,-նկատում է «ГА»-ն: