Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքականության ոչ քաղաքական հետևանքները
Այն քաղաքականությունը, որ վարում է Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստացի ուղղված չէ ո՛չ ընդդիմության համախմբմանը, ո՛չ էլ՝ իշխանության կազմաքանդմանը: Քաղաքականությունը մարդկանց /կարելի է ասել՝ շահառուների/ խմբի ստեղծման, կառավարման և այլ խմբերի հետ հարաբերություններ հաստատելու սոցիալական ինստիտուտ է: Առանց այդ մարդկանց, որոնց միավորում է ընդհանուր շահի գիտակցումը, և առանց այլ խմբերի հետ այդ շահն իրացնելու վերաբերյալ երկխոսության, դժվար է խոսել քաղաքականության մասին:
Բայց այն խնդիրները, որ դնում է այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը, ավելի ճիշտ՝ գլխավոր միակ խնդիրը՝ իրեն ՀՀ նախագահ ճանաչելը, քաղաքական չէ: Որովհետև կար դրա իրավական հնարավորությունը, լուծումը: Այդ հարցը իրավական բնույթի է, ոչ թե քաղաքական: Քաղաքական կհամարվեր այն դեպքում, եթե երկրում չլիներ ընտրության իրավունք, ընտրություն առհասարակ և իրավուքի վերականգնման հնարավորություն: Իրավական լուծում ունեցող խնդիրները քաղաքական չեն և ունեն լուծման իրավական հստակ սահմանված մեխանիզմներ, գործիքներ: Դրանք մերժելով, չընդունելով՝ չենք հանգում քաղաքականության:
Քաղաքական չէ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր խնդրի իրականացման համար ընտրված գործիքը՝ հացադուլը: Վերջինիս երբեմն դիմել են տարբեր երկրներում, բայց հիմնականում՝ հասարակական որևէ խնդրի վրա ուշադրություն գրավելու համար, բայց ոչ՝ նախագահի պաշտոնը պահանջելու: Տվյալ դեպքում նպատակն ու դրան հասնելու միջոցը համաչափ չեն:
Քաղաքականության հետ կապ չունեն նաև Րաֆֆի Հովհաննիսյանի տեքստերը՝ վերջնագրի լեզվով, ուտոպիական, պահանջատիրական: Քաղաքական տեքստը ոչ միայն արտացոլում է իրականությունը, այլև ստեղծում է այդ իրականությունը և դրա ապագան, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի տեքստերը /խոսքերը/ փակուղային են, դրանցից քաղաքական քայլեր չեն բխում, և առհասարակ որևէ գործողություն չի բխում:
Թերևս սրանք են գլխավոր պատճառները, որ «Ժառանգությանը» չմիացան ընդդիմադիր այլ ուժեր, և «Ժառանգությունը» մնաց միայնակ՝ իր իսկ կողմից ստեղծված ժառանգության հետ: Հենց այդ, այսօր էլ ստեղծվող քաղաքական կենսագրությունը, որն ապագա չունի, չուզեցին կիսել ընդդիմադիր մյուս ուժերը: Որովհետև երկարատև աշխատանք և տրամաբանված լուծումներ են պահանջում ռացիոնալ իրավիճակները, իսկ իռացիոնալ իրավիճակի /ինչպիսին Րաֆֆի Հովհաննիսյանինն է/ լուծումը միշտ միանգամից է, ակնթարթային և վերջնական:
Մովսես Դեմիրճյան
Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ: