Սերժ Սարգսյանը բացատրել է, թե ինչու է կոշտ արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի` ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկին
Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել ընտրվելու դեպքում ԼՂՀ անկախությունը ճանաչելու խոստումով, ինչի առնչությամբ դեռ քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանն այն որակել էր արկածախնդրություն: Նախօրեին լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում լրագրողները նախագահից հետաքրքրվել էին, թե ո՞րն էր նման կտրուկ արձագանքի պատճառը: Ըստ երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի, ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասել է.
«Որովհետև դա նոր թեմա չի, և մենք բազմաթիվ անգամ մեր դիրքորոշումը բացատրել ենք: Խելամիտ պաշտոնյան, խելամիտ քաղաքական գործիչը մինչև որոշում ընդունելը, մինչև խոսելը չեմ ասում, մինչև որոշում ընդունելը՝ պետք է հասկանա, թե ի՞նչ արդյունքների է հասնելու, ի՞նչ գին է վճարելու այդ որոշումն իրականացնելու համար և ո՞ւր է հասնելու: Ես ուզում եմ, որպեսզի բոլորս միասին մտածենք՝ ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք ճանաչումը դարձնելու է այդ քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ: Եթե այո, ասացեք, խնդրում եմ, արդյո՞ք այդ ճանաչումն ավելացնելու է ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղ ուղղվող վարկային միջոցները:
Այսինքն, այդ որոշումը բարելավելո՞ւ է ԼՂ բնակիչների կյանքը, այդ որոշումը ճանապարհներն ավելի լա՞վն է դարձնելու: Ի՞նչ է տալու, ուզում եմ մեկն ու մեկդ ինձ ասեք: Խնդրում եմ ասեք, ի՞նչ է տալու ԼՂ բնակչությանը ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը: Հարցը հռետորական չի, իրական հարց է: Այստեղ նստած եք մարդիկ, ովքեր արդեն 2 տասնամյակ է այդ խնդրի մասին խոսում եք, գրում եք, ասացեք, ի՞նչ օգուտ է տալու: Մի օգուտ ասեք: Եթե լռություն է, անցնեմ ՀՀ քաղաքացիներին. ի՞նչ է տալու այդ որոշումը ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ ենք մենք դրանից ստանալու: Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը:
Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդա՞մ ենք: Չեմ տեսնում մի բան, որ տալու է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ին: Հիմա, խնդրեմ, հարցին անդրադառնանք մյուս կողմից: Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Կարծում եմ, այստեղ տարակուսելու բան չկա: Բայց ավելի կարևոր հանգամանք կա: Այսինքն՝ որևէ մեկը տարակույս չպետք է ունենա: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաև համանախագահներին: Առավել ևս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու:
Գիտեք, այդպիսի կոչեր, այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որևէ բանի հանդեպ: Նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Միգուցե, Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր: Դրա համար արժե՞ ձախողել 20 տարի տևող բանակցությունները, որի արդյունքում մեր հակառակորդ Ադրբեջանը հրաժարվում է փաստաթղթից, որ սեղանի վրա է, իսկ մենք ասում ենք՝ սա ինչ-որ չափով մեզ բավարարում է: Այսինքն, մի անխոհեմ որոշմամբ մենք ջո՞ւրը լցնենք հազարավոր մարդկանց կյանքի գինը: Մարդ պետք է հասկանա՝ ի՞նչ է պատերազմ: Պետք է տեսած լինես, որ իմանաս: Պատճառը սա էր, որ ես միանգամից կոշտ արձագանքեցի, որովհետև ավելի անխոհեմ քայլ ԼՂ խնդրի հարցում չի կարելի մտածել: Ուղղակի, չի կարելի, անհնար է: Բայց ես ասել եմ և ես ասել եմ հրապարակավ, ասել եմ միջազգային հարթակներում, ՀՀ-ում, որ, նորից եմ կրկնում, մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե սկսվեն ռազմական գործողություններ: Այն ժամանակ կորցնելու ոչինչ չունենք և մենք, այո, հայտարարելու ենք, որ մենք միասնական պետություն ենք կամ ԼՂ-ն անկախ պետություն է, և մենք ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորն ենք: Բայց ինքնե՞րս առիթ դառնանք ռազմական գործողություններ սկսելու: Ոչ: Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ մենք այլընտրանք չունենանք:
Մնացած բոլոր պարագաներում նույնիսկ այդ մասին մտածելը դավաճանություն է մեր զինվորների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք խոսում ենք արտագաղթի մասին, հրահրում ենք պատերա՞զմ: Մենք խոսում ենք մայրերին խրախուսելու մասին և ասում ենք պատերա՞զմ ենք սկսում: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին և այնպիսի անխոհեմ որոշմամբ ամեն ինչը դնում ենք վտանգի տա՞կ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են