Ա. Մելիքյան. Րաֆֆի Հովհաննիսյանի մասով շարժումը կմարի
«Մենք ունեցանք նախագահական կեղծ ընտրություններ, որոնց նպաստեցին մասնակցած թեկնածուները, այդ թվում նաև՝Րաֆֆի Հովհաննիսյանը», - այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Նրա կարծիքով՝ ընտրական գործընթացն անցավ իշխանությունների նախատեսված սցենարով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մասնակցությամբ նպաստեց դրան: Ըստ բանախոսի՝ ընտրությունների «կեղծ» լինելը պայմանավորված է ընտրացուցակների ոչ թափանցիկությամբ: Նա կրկնեց քարոզարշավի ընթացքում իր կողմից բազմիցս հնչեցրած տեսակետը, որ ցուցակները պետք է հրապարակային դառնան կամ մատչելի գոնե քաղաքական ուժերի համար:
Ինչ վերաբերվում է Ազատության հրապարակում շարունակվող հավաքներին, ապա, ըստ նախագահի նախկին թեկնածուի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի մասով այդ շարժումը կմարի»:
Արման Մելիքյանի կարծիքով, ներկայումս ընթանում է քաղաքական դաշտի լուրջ վերադասավորում, սակայն բանախոսն այդ գործընթացում Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմը չի տեսնում: «Այսօր ձևավորվում է վերնախավային նոր բուրգ և փողոցային ըննդիմությունը դուրս մնաց դրանից, քանի որ այլևս չի կարող նույնքան վայելել ՀՀ քաղաքացու վստահությունը», - ասաց նա, նշելով, որ այլևս քաղաքացուն հետաքրքիր չեն խոստումները, որոնք չեն կատարվում: «Բացի այդ, կորցնում են վստահությունը նաև հայտարարություները: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն չորրորդ նախագահ է հռչակում, ապա անհասկանալի է դառնում, թե ինչու է գնում Նախագահի նստավայր հանդիպման, կամ եթե ընտրությունները կեղծ է համարում, ապա չի պահանջում անվավեր ճանաչել դրանք», - նշեց ՀՀ նախագահի նախկին թեկնածուն:
Ըստ բանախոսի՝ իշխանությունը կոնսոլիդացրեց ոչ միայն իր ուժերը, այլ նաև՝ ընդդիմության: «Այն, որ ձևավորվում է իշխանական նոր բուրգ բացասական չեմ համարում, բայց քանի որ քաղաքացին դառնում է այդ գործընթացից օտարված, դա արդեն լուրջ վտանգ է դառնում ՀՀ ազգային անվտանգությանը», - ասաց Ա.Մելիքյանը:
Ասուլիսում ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի այն դեպքում, եթե վերսկսվի պատերազմը:
«Սա միայն տեսակետ է, բայց ավելի համոզիչ է, քան այն, թե հենց հիմա պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը: Բայց այդ տեսակետն ինձ չի բավարարում: Սարգսյանն ասում է, որ եթե պատերազմ սկսվի, այդ դեպքում մենք կճանաչենք, իսկ եթե մենք առաջինը ճանաչենք, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի: Արցախի անկախությունը պատերազմի հետ կապված մի թեմա է դառնում, և դա կեղծ մոտեցում է: Անհրաժեշտ է տանել անկախության ճանաչմանը միտված զուգահեռ գործընթաց, և սա քաղաքական, ոչ թե պատերազմի օրակարգի հարց պետք է լինի: Փաստացի անկախությունը կարող է հանգեցնել իրակավական անկախության ճանաչմանը՝ դիվանագիտական ճանապարհով», - նշեց Արման Մելիքյանը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանում կան նաև որոշ ուժեր, որոնց ձեռնտու չէ Արցախի անկախության ճանաչումը, և ՀՀ իշխանությունները ստիպված են հաշվի նստել նաև նրանց հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում