Դ. Բաբայան. Արցախում սիրիահայերին աջակցելու հստակ ռազմավարություն կա
Հայտնի է՝ Սիրիայում տեղի ունեցող պատերազմի պատճառով շատ սիրիահայեր հաստատվել են, ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում և Արցախում: Այս պահի դրությամբ ավելի քան 100 սիրիահայ հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք սիրիահայերին աջակցելու հստակ ռազմավարություն կա, ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշեց.
«Սիրահայերը մեր հայրենակիցներն են և Արցախի իշխանություններն իսկզբանե պատրաստականություն էր հայտնել աջակցելու նրանց՝ բնակվելու և ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցում: Պետությունն այդ ուղղությամբ հստակ քաղաքականություն է իրականացնում»:
Նրա խոսքերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախ եկած սիրիահայերի մեծ մասը հողագործներ են, ապա նրանք ևս իրենց աշխատանքով կարող են մեծ նպաստ բերել Արցախի գյուղատնտեսության զարգացմանը:
«Պետությունը ամեն ինչ անում է նրանց տանիքով ու աշխատանքով ապահովելու, ինչպես նաև՝ պայմաններին հարմարվելու համար»,- նշեց Դ. Բաբայանը: