Երջանկության միջազգային օրն է. «Ուրախ մարդուն ողջ աշխարհն ուրախ է երևում»
Երջանկություն բառը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում: Երջանկությունը տարբեր մարդկանց համար տարբեր չափորոշիչներ ունի: Մեկ բան պարզ է. բոլորն էլ իրավունք ունեն լինել երջանիկ: Մարդն իր կյանքի ընթացում ունենում է հիասթափություններ, հուսալքություններ, ճանապարհներ գտնում այդ վիճակներից դուրս գալու համար` հարթելով իր երջանկության ուղին: «Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին» (Պաբլիլիոս Սիրոս):
Այսօր Երջանկության միջազգային օրն է: Այն նշվում է առաջին անգամ: Որոշումն ընդունվել Է 2012 թ. հունվարի 29-ին: Առաջարկությունը եղել է Բուտանի Թագավորության կողմից, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները: Սակայն չի հստակեցվել, թե Երջանկության միջազգային օրը ինչու է նշվելու հենց մարտի 20-ին: Գլխավոր վեհաժողովի բանաձևում նշվում է, որ կառավարություններին խորհուրդ է տրվում տոնը նշել «համապատասխան կերպով, այդ թվում` կրթական ծրագրերի օգնությամբ»:
«Կյանքիս ընթացքում, իհարկե, ունեցել եմ դժվարին պահել, հիասթափվել եմ, չեմ իմացել, ինչպես դուրս գամ այդ վիճակից: Բայց այն միտքը, որ խնդիրը լուծելվելուց հետո ես երջանիկ եմ լինելու, ինձ ստիպում էր առաջ ընթանալ: Երկար տարիներ ես չէի կարողանում երեխա ունենալ: Դիմել եմ տարբեր բժիշկների տարբեր երկրներում: Ամուսնությունից հետո հինգ տարի անց ես երջանիկ եմ. չորս ամսից ես մայր եմ դառնալու: Ահա թե ինչ է երջանկությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում իր կյանքի 30 տարիներն այսպես ներկայացրեց Անահիտը` փորձելով պատասխանել մեր հարցին` դու երջանի՞կ եք Ձեզ զգում:
Տիկին Գայանեն դժվարացավ պատասխանել` երջանիկ է ինքը, թե ոչ. «Երջանիկ եմ, որ ունեմ ընտանիք, երեխաներ, թոռնիկներ: Սակայն … անցնում է կյանքը ու տարեցտարի ես ինձ սկսում եմ ավելի դժբախտ զգալ, որովհետև հասկանում եմ, որ մի օր մոտենալու է իմ վերջը: Չնայած այդպիսին է կյանքի դրվածքը»:
Շատ մարդիկ, հիմնականում երիտասարդներ, մեր հարցին ի պատասխան նշում էին, որ երջանիկ կլինեն եթե ունենան այս կամ այն, սակայն, ինչպես պնդում են հոգեբաններ, նման կերպ մտածելն ընդամենը ինքնախաբեություն է: Երջանիկ լինելու համար հարկավոր չէ ունենալ այս կամ այն բանը, պետք է մարդ ներքուստ լինի երջանիկ, իր հոգով լինի երջանիկ: «Ես թեթև մարդ եմ: Դժվարություններին փորձում եմ նայել մակերեսորեն, այսպես ասած մատների արանքով, որպեսզի կյանքն էլ ավելի չդժվարացնեմ: Երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ. ուղղակի պետք է դու ինքդ քեզ համար ստեղծես երջանիկ պահեր, միաժամանակ երջանկացնելով նաև դիմացինին, քանի որ, կարծում եմ, եթե երջանիկ ես, իսկ դիմացինդ տխուր, հուսահատված, քո երջանկությունը լիարժեք չէ: Իհարկե, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև ես ապրում եմ»,- անկեղծացավ ու փորձեց երջանկության իր բանաձևը ներկայացնել 35-ամյա Տիգրանը:
Ինչպես տեսնում ենք` տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, տարբեր մտածելակերպ: Բայց բոլորին միավորողը մեկ բանն է` ձգտել լինել երջանիկ: «Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին»,- Հենրի Շոուն: