Ջհանգիրյանը չի ներկայացել դատին
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը այսօր ևս Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան չի ներկայացել, և «Մատաղիսի գործ»-ով արդարացված Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի ու Ռազմիկ Սարգսյանի հայցով Ջհանգիրյանի դեմ դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է:
Հայցվոր Արայիկ Զալյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատասխանող կողմ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբան Վահե Հովսեփյանը միջնորդել է դատարանին, որպեսզի կարողանա ժամանակ հատկացնել` հայցին ծանոթանալու ու դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին:
Նշենք, որ մարտի 15-ին տեղի ունեցած դատական նիստը ևս հետաձգվել էր քանի որ պատասխանող Ջհանգիրյանի փաստաբանը պատշաճ լիազորագիր չէր ներկայացրել դատարանին: Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին արդարացման վճռից անմիջապես հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով դատավճիռը, Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
«Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել», -նշված է հայցադիմումի մեջ:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը:
Նախորդող հրապարակումներ. Գագիկ Ջհանգիրյանը կհայտնվի դատարանում
Գ.Ջհանգիրյանը կարծիքը չի փոխել. Դրանք մարդասպաններ են, պետք է դատվեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին