Զ.Փոստանջյանը` վարչապետին . «Ուրբաթ երեկոյան կգա՞ք»
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, նախ, կառավարությանը շնորհավորեց հայկական մեծ հեղափոխության մեկնարկի կապակցությամբ, իսկ այնուհետ հրավիրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին Ազատության հրապարակ՝ միանալու հեղափոխականների հաղթահավաքին.
«Չեմ ցանկանում մտածել, որ դուք անմասն կմնաք: Կարծում եմ ձեր մեջ չի մարել հեղափոխական լինելու համոզմունքը, բայց հաշվի առնելով, որ ձեր կարծիքը միանշանակ չեք հայտնել Բաղրամյան 26-ում միանձնյա բանտարկված Սերժ Սարգսյանի վերաբերյալ, ապա հրավիրում ենք միանալ ուրբաթ օրը երեկոյան ժամը 6- ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հաղթահավաքին»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է ձեր հարցը, ձևակերպեք այն.
«Ուրբաթ երեկոյան կգա՞ք, կմասնակցեք Ազատության հրապարակի հաղթահավաքին»,- հստակեցրեց Զ.Փոստանջյանը, ինչին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց.
«Ես չեմ մասնակցելու ձեր հանրահավաքին, որովհետև իմ աշխատանքային օրակարգը լեցուն է կարևորագույն միջոցառումներով, իսկ բացի այդ՝ համաձայն չեմ ձեր գնահատականների հետ, քանի որ դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ: Դա վատ ճանապարհ է և շատ վատ տեղ է տանում, այնպես որ առաջարկում եմ մնանք քաղաքակիրթ երկխոսության ձևաչափում: Եվ նաև ուզում եմ խնդրել ձեզ՝ մենք շատ հարգալից ենք վերաբերում ձեզ ու ձեր գնահատականներին, բայց ուզում եմ, որ դուք էլ նույնպես հարգալից վերաբերմունք ցուցաբերեք մեր թիմի նկատմամբ ու զերծ մնաք վիրավորանքներից»,- շեշտեց վարչապետը:
«Փաստորեն ես ճիշտ հասկացա՝ ձեր մեջ մարել է հեղափոխական լինելու համոզմունքը: Հուսանք, որ ձեր մեջ այն կարթնանա»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հավելեց, որ ինքը հասկանում է, թե ինչ նկատի ունի պատգամավորը ու հիշեցրեց իր ՝ «Ինչպես իրականացնել հեղափոխություն» հոդվածը: Բայց, նշեց նա, խոսքը հոդվածում մտածողության հեղափոխության մասին է եղել: