ՀՌԿԿ. Հայաստանում մոտ 70 տոկոսը հավատացած է, որ մարդիկ իրավունք ունեն ազատորեն ասել այն, ինչ մտածում են
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ) հրապարակել են ամենամյա ընտրանքային հարցման՝ Կովկասյան Բարոմետր 2012-ի հիմնական արդյունքները: Անցյալ տարվա աշնանը Հարավկովկասյան երկրներում պատահականորեն ընտրված ավելի քան 6000 տնային տնտեսություններում արված հարցումները հարուստ տեղեկություններ են տալիս Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում առկա սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների վերաբերյալ:
ՀՌԿԿ-Հայաստանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով հավաքված տվյալները բացառիկ հնարավորություն են ընձեռում ոչ միայն հետևելու հանրային կարծիքի և յուրաքանչյուր երկրում կենսամակարդակի փոփոխություններին, այլ նաև վերլուծելու դրանք ըստ սեռի, տարիքի, բնակավայրի տեսակի և բազմաթիվ այլ փոփոխականների:
2012թ. հավաքագրված տվյալներով բացահայտված որոշ միտումներ կարևոր կիրառություններ կարող են ունենալ ինչպես Հայաստանում, այդպես էլ ամբողջ տարածաշրջանում: Երրորդ տարին անընդմեջ, գործազրկությունն ու աղքատությունը մատնանշվել են որպես հանրությանն առավել հուզող հարցեր Հայաստանում (46 և 16 տոկոս, համապատասխանաբար) և Վրաստանում (51 և 11 տոկոս), միչդեռ Ադրբեջանում կարևորագույն խնդիրներ են համարվել նախ չլուծված տարածքային հակամարտությունները և ապա միայն` աղքատությունը (46 և 21 տոկոս):
Հայաստանում մոտ 70 տոկոսը հավատացած է, որ մարդիկ իրավունք ունեն ազատորեն ասել այն, ինչ մտածում են, մինչդեռ Վրաստանում և Ադրբեջանում այդպես են կարծում համապատասխանաբար 66 և 49 տոկոսը: Դրա հետ մեկտեղ, Հայաստանում 2012թ. հարցվածների շրջանում նկատելիորեն ավելացել է երկիրը ոչ ժողովրդավար համարողների բաժինը (28 տոկոս, 2011թ. 18 տոկոսի դիմաց):
Ըստ աղբյուրի, հարցվածներին լրջորեն մտահոգող հիմնախնդիրների առկայությամբ հանդերձ, բոլոր երեք երկրներում երջանկության միջին մակարդակը շարունակում է բավականին բարձր մնալ. 1-ից 10-ը սանդղակով գնահատելիս Հայաստանում այն կազմել է 6.7, Վրաստանում՝ 6.8, իսկ Ադրբեջանում՝ 6.1:
Կովկասյան բարոմետրի 2012թ. հարցաշարը հարստացվել է բոլոր երեք երկրներում և Ռուսաստանում տրված՝ Իոսիֆ Ստալինի մասին հանրային կարծիքը բացահայտող հարցերով: Այն հարցին, թե «Ո՞ր բառն է լավագույնս բնութագրում Ձեր վերաբերմունքը Ստալինի նկատմամբ», Հայաստանում հարցվածներն առավել հաճախ (25 տոկոսը) ընտրել են «անտարբերություն», Վրաստանում՝ «հարգանք» (27 տոկոս) և Ադրբեջանում՝ «Ես չգիտեմ, թե ով է Ստալինը» (22 տոկոս) պատասխանները: Թեև Հայաստանի և Վրաստանի բնակչության զգալի մասը (55 և 68 տոկոսը, համապատասխանաբար) կարծում է, որ Ստալինը խելամիտ ղեկավար էր, ով ուժ և բարեկեցություն հաստատեց Սովետական Միությունում, բոլոր երեք երկրներում էլ հարցվածների ճնշող մեծամասնությունը (72 տոկոսը` Հայաստանում, 73 տոկոսը՝ Ադրբեջանում և 63 տոկոսը`Վրաստանում) չէր ցանկանա ապրել և աշխատել Ստալինի պես առաջնորդի կողմից ղեկավարվող երկրում:
2012 թվականի հետազոտության հարցաշարի նոր հարցերի մի մասը, որ վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը և Հայ-թուրքական հարաբերություններին, հասցեագրված էր միայն հայաստանցիներին: Հարցվածների գրեթե կեսը (49 տոկոսը) համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, իսկ 47 տոկոսը կարծում է, որ դա վնաս կհասցնի երկրի անվտագությանը:
Հարցման արդյունքում հավաքագրված տվյալների շտեմարանները և հարակից փաստաթղթերը հասանելի են www.crrc.am և www.crrccenters.org կայքերում` բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է խորացված վերլուծությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան