«Սումգայիթ. սովորական ցեղասպանություն»-ը` արաբերենով
«Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի արաբերեն տարբերակը ցուցադրվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ցուցադրմանը ներկա էին Եգիպտոսի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ և եգիպտահայ համայնքի անդամներ։
Ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ է ունեցել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով, մասնավորապես, ընդգծել է Սումգայիթի ոճրագործության` ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես ծրագրված լինելը։ Նա նշել է, որ Սումգայիթում, ինչպես նաև Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր իրականացրած հայերի ջարդերի և էթնիկ զտումների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով Բաքուն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը` ստահոդ քարոզչություն տարածելով Խոջալուի դեպքերի մասին։
Նշենք, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է 2009թ. նոյեմբերից ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից։ Այս ընթացքում ստեղծվել է չորս փաստագրական ֆիլմ՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի դեպքերի և «Օղակ» գործողության մասին, որոնք թարգմանվել են մի քանի լեզվով։ Նախագծի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ: