«Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շրջապատը պետք է ձևավորեն իրական քաղաքական օրակարգ»
«Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շրջապատը պետք է ձևավորեն իրական քաղաքական օրակարգ»: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Ընդդիմության ներկայիս առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շրջապատը պետք է ձևավորեն քաղաքական օրակարգ, որովհետև ասել` դու չպիտի երդվես, եթե դու երդվես ես կմահանամ, դա քաղաքական օրակարգ չի: Դա լավագայն դեպքում բարոյական ճնշում է, իսկ վատագույն դեպքում` երեխայական բան է: Երբ երեխային նկատողություն ես անում, նա ասում է` հիմա ես կմեռնեմ և մաման կիմանա, թե ես որքան լավն եմ»,-ասաց Արամ Աբրահամյանը:
Ասուլիսին ներկա «168» ժամ թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ևս նշեց, որ ներկայումս ընթացող պրոցեսները դուրս են եկել քաղաքական տիրույթից:
«Այսօրվա ներքաղաքական վիճակը առանձնանում է նրանով, որ չկա այն ատելության մթնոլորտը, թշնամանքը, որը եղել էր տարիներ շարունակ գրեթե բոլոր համապետական ընտրությունների ժամանակ: Սակայն կարծում եմ, որ դարձյալ բացակայում են դրա քաղաքական հիմնավորումները: Պրոցեսները դուրս են եկել քաղաքական տիրույթից»,- նշեց Սաթիկ Սեյրանյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լրագրողների հետ հանդիպմանը Արամ Աբրահամյանը նշեց, իր կարծիքով, ՀՀ նախագահը հանդես եկավ «իշխանության քաղաքական օրակարգի ձևակերպումներով»: Ինչ վերաբերում է ապրիլի 9-ի հնարավոր զարգացումներին, ապա, ըստ Արամ Աբրահամյանի, ամեն ինչ արդեն իսկ «ուրվագծված է»:
«Սերժ Սարգսյանը կգնա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և կերդվի Սահմանադրության և Աստվածաշնչի վրա, իսկ Ազատության հրապարակում այդ ժամանակ կլինի Սահմանադրության և Աստվածաշնչի մեկ այլ օրինակ որի վրա վրա կերդվի Րաֆֆի Հովհաննիսյանը»,- նշեց Արամ Աբրահամյանը` հավելելով, որ չգիտի արդյունքում ինչի կհանգեցին այդ գործընթացը:
Բանախոսները համակարծիք էին այն հարցում, որ անկախ հնարավոր զարգացումներից Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ մարտի մեկի իրադարձությունները չեն կրկնվի, քանի որ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Սերժ Սարգսյանը հակված չեն գնալ բախումների:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան