«Daily Mail». Ամերիկացի գաղտնի գործակալը պատահաբար կրակել է Իրանի նախագահի ուղղությամբ
Ամերիկյան գաղտնի ծառայությունների գործակալը պատահաբար կրակ է արձակել 2006թ.-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Daily Mail» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, այն պահին, երբ ամերիկացի գործակալը տեղավորում էր իր զենքը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ավտոշարասյան մեքենաներից մեկում զենքի համար հատուկ նախատեսված տեղում, այն պատահաբար կրակել է Մ. Ահմադինեժադի ուղղությամբ, ով այդ պահին նստում էր իր ավտոմեքենան: Այդ միջադեպը մանրամասն նկարագրվում է Մարկ Էմբինդերի և Դ.Բ. Բրեյդի «Deep State: Inside the Government Secrecy Industry» գրքում, որը լույս կտեսնի սույն թվականի ապրիլին:
Աղբյուրը նշում է, որ միջադեպի մասին միանգամից գրառում է արվել ծառայողական զեկուցագրում, որը հասցեագրվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձաստիճան ներկայացուցիչներին: Գրքի հեղինակների խոսքով՝ զեկուցագրում նշվել է, որ գաղտնի ծառայության գործակալը, ըստ ամենայնի, պատահաբար կրակել է այն պահին, երբ Իրանի նախագահ Մ. Ահմադինեժադը նստել է իր մեքենան «InterContinental» հյուրանոցի հարևանությամբ:
«Երբ լսվեց կրակոցը, բոլորը կանգ առան: Իրանցիները նայեցին մեզ, մենք նայեցինք իրանցիներին: Գործակալը ներողություն խնդրեց: Ահմադինեժադը պարզապես շրջվեց և նստեց իր ավտոմեքենան»,- ասվում է գրքում:
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը անհանգստացած էր Իրանի առաջնորդի հնարավոր արձագանքի շուրջ և մտավախություն ուներ, որ ՄԱԿ-ի Խորհրդաժողովում, որում քննարկվում էր միջուկայի ծրագրի հետ կապված Իրանի դեմ պատժամիջոցների հարցը, Իրանի նախագահը կհայտարարի, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները փորձել են իրեն սպանել: Սակայն, ի զարմանս ԱՄՆ-ի, Մ. Ահմադինեժադը մինչ օրս ոչ մի առիթով չի խոսել այդ միջադեպի մասին: