Գարնանացանը ոչ բոլոր համայնքներին է վերաբերում. «4 հազար մետր հող, բայց դա ի՞նչ է, ի՞նչ պտի անես…»
«Ապարանի հողատարածքները շատ քիչ են, ամեն մի շնչին, եթե չեմ սխալվում, սեփականաշնորհման ժամանակ ընկել է 2 հազար մետր, իսկ դա շատ քիչ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ապարանի ավագանու անդամ Նվարդ Բարսեղյանը` անդրադառնալով Ապարանի շրջանում գարնանացանի հետ կապված առկա խնդիրներին: Ավագանու այս անդամը Ապարանում բավականին հայտնի է իր ակտիվ գործունեությամբ ու նաև հստակ պահանջներով, որ ներկայացնում է քաղաքային իշխանություններին: Իր պահանջներից մեկն էլ այն է, որ համայնքները գնան խոշորացման և եթե հնարավոր չէ վերադարձնել «կոլխոզները», ապա գոնե նմանատիպ տնտեսություններ ստեղծվեն, ինչը ավելի համակարգված լինելու հնարավորություն կտա:
Բերելով սեփական օրինակը, Ն.Բարսեղյանը նշեց, որ իրենց ընտանիքը այդ տարիներին ստացել է 4 հազար մետր հող, բայց` «դա ի՞նչ է, ի՞նչ պտի անես».
«Տրակտորն էլ մի քիչ կողքերից կմտնի արդեն վարելահող չի էլ մնա: Դրա համար եմ ես պնդում, որ համայնքները խոշորացման գնան, և դա պարտադիր պայման եմ համարում առաջնահերթ հենց գյուղատնտեսության զարգացման համար»,- նշեց նա:
«Այո, շարունակեց ավագանու անդամը,- այն տարիներին մարդիկ ուրախացած ստացան հողատարածքները, սկսեցին մշակել, որովհետև դա հեշտ էր` կոմունիստները ցանել էին, մշակել էին, տվել էին բերքով-բանով, բայց դրանից հետո գյուղացին բախվեց դառը իրականությանը` մեխանիզացիա չկա, քիմպարարտանյութերը չեն կարող ձեռք բերել, խնդիրները մեկը նյուսի հետևից թափվեցին գյուղացու գլխին, որովհետև 90-ականների սկզբին այլ խնդիրներ կային, ամեն բան անցավ հետին պլան….Արդյունքում էլ եղավ այն, ինչ այսօր ունենք` վարելահողերը վերածվեցին ամենը խոտարքների և շատ քիչ մարդիկ են այսօր, որ վարում-ցանում են»:
Դա էլ` 2 կամ 3 հազար մետր, դրանից ավել, ըստ մեր զրուցակցի, վարելահող Ապարանում չկա.
«Հեկտարներով տարածքներ չունենք…»,- նշեց նա:
Հարցին, թե արդյո՞ք ապարանյան կլիման բարենպաստ է գյուղատնտեսության զարգացման համար, այսինքն` դրա զարգացումը միայն նշված խնդիրների հաղթահարումից է կախված, Ն.Բարսեղյանը արձագանքեց.
«Այո, մենք գարնանացանի շատ լավ ու բարենպաստ պայմաններ ունենք` գարնանացանի կուտ, գարու շատ լավ բերք ենք ստանում… ավելի շուտ` ստացել ենք, հիմա չէ: Ցավով եմ սա ասում, բայց լուծումներն էլ տեսնում եմ, կամք է հարկավոր ընդամենը»,- հավելեց նա:
Նշենք, որ Ապարանի քաղաքային համայնքի պաշտոնական կայքում մենք գտանք տեղեկատվություն այն մասին, որ Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի առաջարկությամբ գյուղ.նշանակության հողատարածքները հանվել են աճուրդի: Մասնավորապես, հունվարի 24-ի իր նիստում ավագանին հավանության է արժանացրել «Ապարանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ աճուրդ վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին» որոշումը և այժմ ընթանում է աճուրդի նախապատրաստական աշխատանքները: Ըստ որոշման` օտարվելու է համայնքային սեփականություն հանդիսացող 12030 քմ գյուղ. նշանակության հողատարածքներ…
Նախորդիվ`
Հանրապետությունում սկսվել են գարնանացանի աշխատանքները. տարին առայժմ բարեհաճ է, եղանակը՝ նպաստավոր
Բարձրորակ սերմացուի ներկրումը կառավարության կարևորագույն ծրագրերից է. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները