«Ժողովրդավարությունը գալիս է դպրոց»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» ծրագրի մանրամասները: Գերմանիայի Բունդեսթագի իրականացրած Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի նախկին մասնակիցները միավորվել են` ստեղծելով ՄԽԿ հայ շրջանավարտների միություն, որն էլ իրականացնում է վերոնշյալ ծրագիրը, որի նպատակն է ինտերակտիվ դասընթացի միջոցով դպրոցականներին ժողովրդավարության և քաղաքական համակարգի մասին գիտելիքների փոխանցել:
ԿԳՆ-ից հաղորդում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը վերջին տարիներին բաց է բոլոր նմանատիպ ծրագրերի համար.
«Նշված ծրագրերի իրականացումը ոլորտի գերակա ուղղություններից մեկն է, և այս հարցում մենք համագործակցում են տարբեր միջազգային և տեղական կառույցների հետ: Ծրագրի շրջանակում նշեմ հետևյալը` պատկերավոր ասած` ՀՀ քաղաքացին արդեն արթնացել է. նրան պետք է միշտ արթնացած և զգոն պահել` զինելով հիմնարար ազատությունների և իրավունքների վերաբերյալ գիտելիքներով»,- ընդգծել է նա:
Դեսպան Ռայներ Մորելին իր հերթին նշել է, որ փետրվար ամսին Երևանի թիվ 118 և 119 դպրոցներում ծրագիրը մեկնարկել և հաջողությամբ ընթանում է, և փորձնական ծրագրից հետո ամփոփվում են ծրագրի արդյունավետության հարցերը.
«Ծրագիրը պետք է չլինի արվեստն արվեստի համար. այն պետք է ունենա կինսունակություն և ձեռքբերումները կյանքի կոչի, ինչպես հարկն է»,-ընդգծել է դեսպանը` առաջարկելով ծրագրի շարունակականության համար ամեն ամիս ընդլայնել ծրագրի շրջանակը` ներառելով ևս երկու դպրոց: Նա առաջարկել է նաև իրականացնել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ` նշված թեմաներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա