ՏՄՊՊՀ նախագահ. Զատիկին ընդառաջ ձուն թանկացել է 2-3 դրամով
Երևանի խանութներում մարտի 31-ին նշվելիք Սուրբ Հարության (Սուրբ Զատիկ) տոնին ընդառաջ ձուն վաճառվում է 60-70 դրամով: Այդ փաստը հարց է առաջացրել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի մոտ և նա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց` Զատիկից առաջ ձուն չի՞ թանկանա:
Խորհրդարանականներին 2012 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացնող Արտակ Շաբոյանը ի պատասխան, տեղեկացրեց, որ Հանձնաժողովը «խիստ վերահսկողություն» է իրականացնում ձվի շուկայում և ամենօրյա մոնիտորինգի ենթարկում:
«Ընկերությունները, որոնք շուկայում գերիշխող դիրք ունեն և ձու են արտադրում, այս օրերին ձուն թանկացրել են 2-3 դրամի չափով: Մենք հասկանում ենք, որ ցանկացած թանկացում պետք է լինի ադեկվատ, այդ պատճառով էլ պահանջել ենք ընկերություններից, որպեսզի նրանք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնեն: Դրանց ուսումնասիրությունից հետո նոր միայն կհասկանանք` իսկապե՞ս ադկվատ են թանկացումները, թե ոչ», -հայտարարեց Շաբոյանը:
Այնուամենայնիվ, Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ և ձվի և մյուս ապրանքների շուկայում թանկացումներ իրենք թույլ չեն տալու: «Թակացումները չպետք է չհիմնավորված լինեն», -նկատեց Շաբոյանը: