Մարզերում ուսուցիչներից Երևանում բնակվող հարազատների տվյալներ են պահանջել
Պարզվում է` մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իրենց կարևոր ներդրումն են ունենալու նաև մարզերի բնակիչները: «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է, որ մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցներում աշխատող ուսուցիչների վրա պլան է դրվել: Ուսուցիչներն, ըստ այդմ, պետք է ներկայացնեն Երևանում բնակվող իրենց ծանոթ-բարեկամների անձնագրային տվյալները, թվով 5-6 անձի, և հոգ տանեն, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին` քվեարկելով Հանրապետական կուսակցության օգտին»:
Նման հրահանգ ստացած ուսուցիչներից մեկը թերթի թղթակիցը զրուցում պատասխանելով հարցին, թե՝«Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հրահանգներ եք ստացել, կասե՞ք` կոնկրետ ի՞նչ է պահանջվում ձեզնից», ասել է. «Հարցնում էին` հարազատ ունե՞ք Երևան քաղաքում, վստահելի մարդիկ: Ասացինք` այո: Դե, հնարավոր չէ, որ գոնե մի հոգի գտնվի, որը չունենա թեկուզ մեկ վստահելի մարդ: Ընտրությունների համար անձնագրերի տվյալները ուզեցին, իսկ այսօր ես տեղեկացա, որ ովքեր արդեն բերել ներկայացրել են, պարզվել է, որ պարտադիր է եղել նաև տան հասցեն և այն տեղամասի համարը, որտեղ այդ մարդիկ պետք է քվեարկեն»: